Play Video
Նանոտեխնոլոգիաները և գազային սենսորները | Միքայել Ալեքսանյան

Երևանի պետական համալսարանում գործում է կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն, որտեղ աճեցվում են նանոհատիկներ, նանոխողովակներ, նանոհամակարգեր, և դրանց հիման վրա պատրաստվում են սենսորներ ու օպտիկական սարքավորումներ։

Ի՞նչ է նանոտեխնոլոգիան։
Փոքրագույն մասնիկներ՝ մարդու մազի հաստությունից մոտ հազար անգամ փոքր։ Կոմպոզիտ նյութերից բաղկացած այդ մասնիկները կազմում են համակարգ՝ նանոցանց, բարդ ցանց, որոնք օգտագործվում են տարբեր ոլորտներում տարբեր սարքավորումների պատրաստման համար։

Ի՞նչ է ածխածնի նանոխողովակը։
Ածխածնի ատոմներից բաղկացած վեցանկյուն ցանց, որը պտտելիս ձևավորվում է խողովակ։ Դրանք շատ ամուր են, ունեն հիանալի էլեկտրական, մեխանիկական և քիմիական հատկություններ և արդյունավետորեն կիրառվում են սենսորիկայում։

Ի՞նչ է սենսորը։
Այն սարքավորումը, որը զգում է այս կամ այն ազդանշան, համարվում է սենսոր։
Sense անգլերենից թարգմանաբար նշանակում է զգալ․ սենսորը փորձում է միջավայրում զգալ և գրանցել որևէ պարամետր (օր.` ջերմաչափը համարվում է ջերմաստիճանի սենսոր)։

Ի՞նչ է ռեզիստիվ գազային սենսորը։
Նանոհատիկների և ածխածնի նանոխողովակների վրա հիմնված նանոհամակարգ, բարակ չափսի թաղանթ, որի մեջ կան մասնիկներ։ Երբ միջավայրում գոյություն ունեցող գազը հասնում է տվյալ նանոհամակարգի մակերևույթին, համակարգը փոխում է իր թաղանթի դիմադրությունը։ Այդ փոփոխությունը համարվում է տվյալ միջավայրում գազի առկայության ազդանշան։
Որքան փոքր է դիմադրության փոփոխությունը, այնքան քիչ է սենսորի զգայունությունը։

Սենսորների կարևոր պարամետրերն են՝

  • զգայունություն (ցույց է տալիս դիմադրության փոփոխության չափը),
  • ընտրողունակություն (ցույց է տալիս, թե սենսորը որքան լավ է զգում թիրախավորված գազը այլ գազերի միջավայրում),
  • կայունություն (ժամանակի ընթացքում սենսորի ֆունկցիոնալ կայունությունը)։

Որտե՞ղ են կիրառվում սենսորները։
Մեր առօրյայում օգտագործվում են տարբեր գազեր։ Խոհանոցի բնական մեթան գազը ամեն րոպե կարող է արտահոսել․ այն պահանջում է ահազանգող սենսորային համակարգ։
Մյուս կիրառության ոլորտը բժշկությունն է։ Հայտնի է, որ մարդու արտաշնչած օդի բաղադրությամբ կարելի է որոշել այս կամ այն հիվանդություն։ Օրինակ, եթե նախագծվի շատ բարձր զգայունությամբ ջրածնի պերօքսիդի սենսոր, ապա կարելի է ստեղծել ախտորոշող համակարգ, որն ընդամենը մարդու արտաշնչի հիման վրա կարող է ախտորոշել որևէ հիվանդություն։

Դիտեք նաև՝

Search