Play Video
Քաղաքական ազգ. Մովսես Դեմիրճյան

Ըստ Առնոլդ Թոյնբիի՝ այն հասարակությունները, որոնք ուղղորդված են դեպի անցյալ և ապրում են ավանդույթների կառչած, նրանք դատապարտված են չգոյության, այն հասարակությունները, որոնք ապրում են՝ ուղղորդված դեպի ներկա, դատապարտված են լճացման, և միայն այն հասարակություններն են ունակ զարգանալու, որոնք ուղղորդված են դեպի ապագա:

Գլոբալացման կամ աշխարհայնացման հոսանքների տակ հայտնված հասարակությունը դատապարտված է լինել ժամանակակից, եթե չդառնա ժամանակակից, ապա նա պարզապես դուրս է գալիս պատմության թատերաբեմից: Օրինակ՝ ժամանակակից հայ հասարակության մեջ շատ հստակ ուրվագծվում են մի քանի հատվածներ, դրանք պահպանողականներն են, կա մի հատված բուրժուական, կա մի հատված խիստ եվրոպականացված կամ արևմտականացված, որն իրեն անվանում է առավել ժամանակակից: Այդ հատվածները կան, բայց առաջացել են այն պատճառով, որ մեր հասարակությունը ժամանակին չի ունեցել ապագայի միասնական տեսլական, այլ կերպ ասած՝ 20-30-50 տարի առաջ մենք չենք ձևակերպել այն ապագան, որում կուզենայինք լինել բոլորս, և այդ պատճառով մենք բոլորս հիմա ապրում ենք տարբեր ապագաներում:  

Բարոյական տեսակետից գյուղն ուժեղ է, իսկ քաղաքը՝ ճկուն: Քաղաքն ավելի լակն հնարավորություններ է տալիս մարդուն ինքնադրսևորման ու ինքնահաստատման համար ճկունության շնորհիվ, իսկ գյուղում կյանքը որպես կանոն ստատիկ վիճակում է, ոչ թե դինամիկ, և որոշ դեպքերում գյուղական կյանքը ոչ թե պրոցես է, այլ վիճակ, մինչդեռ քաղաքում միշտ պրոցես է: Սա կապված է նրա հետ, որ հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում շատ արագ են փոփոխվում հետևյալ ոլորտները՝ տնտեսական, իրավական, քաղաքական: Մշակութայինը միշտ դանդաղ է փոխվում: Դանդաղ փոխվելու էֆեկտը կրում է հենց գյուղը:

Քաղաքը սովորեցնում է, որ ավանդույթը չէ մարդկանց միջև հարաբերություններ կարգավորող գլխավոր նորմը, այլ օրենքն ու իրավունքը, բայց եթե քաղաքը չի կարողանում այդ ֆունկցիան իրականացնել, այսինքն քաղաքը քիչ է, քաղաքը փոքր է, իսկ գյուղերը՝ շատ, ապա հասարակության մեջ վրա է գալիս ինտելեկտուալ դեգրադացիա: Ցավոք, Հայաստանում հիմա այդ վիճակն է: 

Քաղաքական ազգը ձևակերպում է ցանկալի ապագայի տեսլական և այդ ապագան սկսում է կիրառել, իրականացնել ներկայում: Երբ Թոյնբին ասում էր, որ զարգացում ունեն միայն այն հասարակությունները, որոնք ուղղորդված են դեպի ապագա, նկատի ուներ, որ այդ հասարակությունները գիտեն՝ ինչ ապագա են ուզում և համախմբվում են հանուն այդ ապագայի իրականացման: Այդ ճանապարհին պետք է վերանայենք որոշ ավանդական պատկերացումներ, ոչ թե մերժենք, այլ վերանայենք: Օրինակ՝ վերանայենք բարձրագույն կրթության մասին մեր պատկերացումները: Ավանդական հասարակության մեջ քաղաք գնալ-գալը միշտ ասոցացվել է ավելի զարգացած, ավելի բարեկիրթ միջավայրի հետ շփվելուն: Մինչև այժմ էլ կան ուսանողներ, որոնց ծնողներն ասում են՝ մենք երեխային ուղարկել ենք բուհ, որպեսզի ինքը կիրք մարդկանց հետ շփվի, ինչ-որ բան սովորի: Իրականում բուհն ավանդական հասարակության մեջ չի ասոցացվում որպես գիտելիք արտադրող հաստատության հետ, քանի որ մենք իրականում չգիտենք, որ գիտելիքն է խնդիրներ լուծելու ամենաարդյունավետ միջոցը: Խնդիրն այն է, որ ավանդական հասարակությունը սովոր չէ նաև խնդիրներ լուծել, ինքը սովոր է խնդիրները թաքցնել, անտեսել, ասել, որ այդպես միշտ է եղել ու միշտ էլ լինելու է: Բայց խնդիրները ոչ մի տեղ չեն կորում, նրանք կուտակվում են և դառնում են սոցիալական բեռ մյուս սերունդների համար: 

Դիտեք նաև՝

Search