Ի՞նչ ենք հասկանալու մոդեռնիզմ ասելով: Այս հարցադրումն ունի երկու խնդրահարույց կողմ. համաշխարհային մշակույթի ու արվեստի պրակտիկայում և տեղային դրսևորումները: Համաշխարհային մշակութային պրակտիկայի պարագայում, եթե կարողանում ենք դասակարգել ժամանակագրական հաջորդականությամբ, որը պահպանվել է, մեզ մոտ այս ժամանակագրական հերթագայումը պահպանված չէ: Նման իրավիճակում մենք ստիպված ենք լինում (պայմանականորեն) հակադասականության կամ հետռոմանտիզմի իրողությունները միասին համարել մոդեռն մտածողություն: Այսինքն՝ խոսելով 20-րդ դարասկզբի հայ գրականության մասին, պետք է հաշվի առնել, որ տվյալ շրջանի գրականության մեջ մոդեռն մտածողությունն ենք ուսումնասիրում, ոչ թե մոդեռնիզմը՝ որպես ուղղությունների, հոսանքների ամբողջություն: Սրա պատճառներից է նաև այն, որ շատ ուղղություններ մեզ մոտ ինքնագիտակցված և ամբողջական, լիարժեք ուղղության տեսքով հանդես չեն եկել: