Play Video
Միգրացիա և անվտանգություն. Արմեն Ղազարյան

Միգրացիան, լինելով սոցիալական երևույթ, հիմնականում ուսումնասիրվում է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, մշակութաբանության մեջ: Քաղաքագիտության մեջ միգրացիայի խնդիրներն առաջ քաշվեցին հետխորհրդային շրջանում՝ Արևելքից Արևմուտք մարդկային շարժի ուժեղացման հետևանքով: 2001թ. Միացյալ Նահանգների ահաբեկչությունից հետո առաջացավ միգրացիայի անվտանգային ուսումնասիրության անհրաժեշտությունը: Հասարակության աչքերում միգրացիան նույնացավ սպառնալիքի հետ:

Ուսումնասիրության նեոռեալիստական մոտեցումը միգրացիան դիտարկում է իբրև «ցածր քաղաքականության» (low politics) առարկա, քանի որ այն առնչվում է անհատների կամ մարդկային խմբերի հետ: Ի տարբերություն ռազմական բալանսի, միջուկային անվտանգության և այլ խնդիրների, միգրացիան երկրորդական դեր է խաղում՝ լինելով մշակութային երևույթ:

Կոպենհագենյան դպրոցի ներկայացուցիչ Բարրի Բուզանը առանձնացնում էր անվտանգության հինգ հիմնական ոլորտ՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, սոցիետալ (հասարակության ներքին միասեռության) և բնապահպանական: Միգրացիան սպառնալիք էր դիտվում հասարակության միասեռությանը և ինքնության պահպանմանը:

Անվտանգայինացման (securitization) տեսությունն ուսումնասիրում է, թե ինչպես է որոշակի խնդիրն անվտանգության խնդրի կարգավիճակ ձեռք բերում պետության համար: Այս գործընթացի առաջին փուլը դիսկուրսիվ պրակտիկաների մակարդակում է. հասարակական և պետական դիսկուրսում անվտանգության խնդիրը ձևակերպվում է որպես այդպիսին: Երկրորդ փուլում կայացած դիսկուրսը պետությանը ստիպում է որոշումներ կայացնել միգրացիայի վերաբերյալ:

Միգրացիան անվտանգության հետ ասոցացնելու գաղափարը բնորոշ է «արևմտյան» մտածելակերպին: Արևելյան երկներում խնդիրը դեռևս այպիսի կարևորություն չի ստացել: Արևելյան երկրներին բնորոշ է էմիգրացիան (արտագաղթը), իսկ արևմտյան երկներին՝ իմիգրացիան (ներգաղթը):

Միգրացիան՝ որպես անվտանգության խնդիր, երեք հիմնական դրսևորում ունի: Այն կարող է լինել ներքին այլ սպառնալիքների պատճառ, ինքնին կարող է լինել սահմանային անվտանգության սպառնալիք: Միգրացիան կարող է նաև սպառնալիքի հետևանք լինել. երբ արտաքին իրադարձությունը միգրացիա է առաջացնում, որն, իր հերթին, անվտանգության սպառնալիքներ է իր հետ բերում:

Հայաստանում՝ ֆորմալ մակարդակում, միգրացիան վտանգայինացված չէ: Անվտանգության նոր փաստաթղթի մշակման դեպքում միգրացիան պիտի անվտանգության օրակարգային հարցերի մեջ ներառվի:

Դիտեք նաև՝

Search