Play Video

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը ՀՀ-ում այդ ոլորտում աշխատող կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության հասանելիությունն էր: 2018-2019թթ. Աշխատանքի ու սոց. հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է քարտեզագրում, որի նպատակն էր ամփոփ տեղեկության ստեղծումը, հետազոտահեն և փաստերի վրա հիմնված սոցիալական քաղաքականության մշակումը, տարբեր մարզերի խնդիրների վերհանումը և բարեփոխումների համար ամուր հիմքի ձևավորումը: Հետազոտության առաջին փուլը բավականին դժվար էր՝ կազմակերպությունները գտնելու առումով: Հետազոտությունում տեղ է գտել 16 պետական և 24 ոչ պետական կազմակերպություն, իսկ տեղ չեն գտել այն կազմակերպությունները, որոնք չցանկացան տեղեկություն տրամադրել, կամ որոնց հետ չհաջոողվեց կապ հաստատել:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որից հետևում է, որ պետությունը պարտավորություն է ստանձնել ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ՝ հոգեկան առողջության խնդրի հիմքով հաշմանդամությամբ անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրացումը: Այդ իրավունքներից առաջնայինն է համայնքում ապրելու իրավունքը, սակայն, Հայաստանում մեծամասամբ գործում են ինստիտուցիոնալ բնույթի հոգեբուժական հաստատություններ, ինչը ենթադրում է, որ հոգեկան առողջության ունեցող անձինք ստիպված են կտրվել սեփական համայնքից և տեղափոխել այն համայնքը, որտեղ մատուցվում է ծառայությունը: Հաջորդ խնդիրը կապված է հենց ինստիտուցիոնալության հետ՝ հաստատություններում սահմանված հստակ առօրյայի, կարգի, ժամանակացույցի, մեծ թվով մարդկանց միջև անհատի իրավունքների անտեսմանը:

2013թ. մշակվել է հայեցակարգ և ռազմավարություն, որոնցով նախատեսվում էր մեծ թվով համայնքային ծառայություններ ստեղծել, սակայն դա իրականություն չդարձավ: 2016թ. միայն ստեղծվեց Սպիտակի խնամքի տունը, որը կարծես ապացուցում էր այդ տեսակի ինստիտուտների անարդյունավետությունը. դրանցում մեծ թվով մարդիկ են բնակվում, շինությունները խորհրդային շրջանի են, և դրանց նորոգմանը միջոցներ չեն հատկացվում, մասնագիտական կազմը պատասխանատու է մեծաքանակ մարդկանց համար: Սրանից պարզ դարձավ նոր մոտեցման անհրաժեշտությունը. մարդկանց փոքր տներում, առանց համայնքներից հեռացնելու բնակեցնելը, համայնքի կյանքում ներգրավելը: Առանձին խնդիր էր տրանսպորտը, ուղեկցող անձանց տեղափոխման անտեսումը և այլն:

Պետական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց գրեթե չեն առաջարկվում որևէ ծառայություններ: Մասնավոր կազմակերպություններում առաջարկվող ծառայությունների թվին են պատկանում հիմնականում ձեռքի աշխատանքի որոշակի պայմանների ապահովում, սակայն, դա այնուամենայնիվ սահմանափակում է այդ անձանց աշխատանքային հնարավորություններն ու դրանց զարգացումը:

Անհրաժեշտ է ստեղծել համայնքահեն ծառայություններ և առկա ծառայությունները բարելավել՝ դարձնելով հնարավորինս ներառական և ոչ խտրական: Հոգեկան առողջության խնդիրներով մարդիկ բացի հիմնական կարիքներից ունեն նաև լրացուցիչ կարիքներ, ծառայությունները պիտի հաշվի առնեն նաև վերջիններս: Կարևոր է նաև համագործակցության գործոնը, որը ենթադրում է նաև շահառուի՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ համագործակցություն, այդ անձին ակտիվ դիրքում դիտարկումը: Դրա համար անհրաժեշտ է մեթոդի փոփոխություն. հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը պիտի դիտարկվի որպես հավասար անհատ, սեփական կյանքի լիարժեք փորձառություն ունեցող անձի, որը պիտի լինի որոշումներ կայացնող:

Դիտեք նաև՝

Search