Ո՞վ է բացարձակ վերապրողը: Այն մեկն է, որ չի ժխտում, չի հերքում ինքն իր մեջ իր վերապրող լինելը, այսինքն իր անկարելիությունը, անկարողությունը ինքն իր վկան լինելու:
Հետաղետյան վերապրողները ամենօրյա կյանքի՝ մեր հայրերը. իրենց համար անհրաժեշտ էր հերքելու իրենց հետ պատահածը արմատապես, կառուցային ձևով, եթե ոչ, ուղղակի նշանակում էր անձնասպան լինել: Եվ ուրեմն վերապրողը տարօրինակ կերպով, այն, որ բացարձակը չի, այն, որ հերքում է, շատ պարզ է, հերքում է ինքն իրեն՝ որպես վերապրողի՝ հերքելով, որ իր մեջ մեռցված է վկայելու հնարավորությունը: Եվ ինչպե՞ս է հերքում: Վկայելով: Մենք միշտ կարծում ենք, որ սովորական վերապրողը պետք է վկայի, և ուրեմն գնում ենք միկրոներով, ինտերվյուներ անում, իր վկայությունները պահում դարաններում ու գզրոցների մեջ, հետո երբեմն հրատարակում ենք, ամերիկյան համալսարանները լեցուն են և՛ հայկական, և՛ հրեական ողջակեզի ու բնաջնջումի վկայություններով, և վերստին ու վերստին կազմակերպում են արշավներ՝ հավաքելու այդ վկայությունները: Եվ ամեն մարդ կարծում է, որ
վերապրողը պետք է վկայի, այնինչ ոչ մեկ չի անդրադառնում այն կետին, որ ճիշտ հերքումն է վկայողի էությանը:
Վկայողը մասնակցում է իր իսկ հերքումին: Եվ ուրեմն պատասխանում է, հակազդում պարտադրանքին, որ ասում է իրեն՝ ՊԱՏՄԻ՛Ր: Ինչպես մերոնք էին գնում և այդ 80-90 տարեկան տատիկներին, ովքեր երբեք բառ չէին պատմել, որովհետև անկարելի էր խոսելը, հարցնում էին.
– Դուք բռնաբարվեցի՞ք:
Եվ իննսունամյա այդ կինը, որ ամբողջ կյանքի ընթացքում բառ չէր ասել այն մասին, որ բռնաբարված է, այդ պահին այդ երիտասարդ լակոտին պետք է ասեր, որ բռնաբարվեց 1915-ին: