Այդ ժամանակ ի հայտ են գալիս մի շարք անուններ տարբեր երկրներից՝ Բորխեսը, Կորտասարը, Սաբատոն և Բիոյ Կասարեսը Արգենտինայից, Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ Կոլումբիայից, Մարիո Վարգաս Լյոսան՝ Պերուից, Կարլոս Ֆուենտեսը և Խուան Ռուլֆոն՝ Մեքսիկայից, Ալեխո Կարպենտիերը, Գիլյերմո Կաբրերա Ինֆանտեն՝ Կուբայից ևէլի շատ ու շատ ուրիշներ:
Այդ հեղինակների ստեղծած գրականությունը գրավում էր իր անսպասելի թարմությամբ և արտահայտում է իր ինքնությունը փնտրող, մշակութային խառնարան դարձած մի ամբողջ աշխարհամասի մտածելակերպը:
Հարց է առաջանում, թե ի՞նչն է նպաստել այս յուրահատուկ մտածելակերպի ձևավորմանը:
Մոգական ռեալիզմ եզրն առաջին անգամ օգտագործել է Գերմանիայում արվեստաբան և լուսանկարիչ-ավանգարդիստ Ֆրանց Ռոոն 1925թ. բնութագրելու համար պոստէքսպրեսիոնիստական նկարչությունը ապա՝ 1949թ. թվականին վենեսուելացի հեղինակ Արտուրո Ուսլար Պիետրին: Լատինական Ամերիկայում առաջացած նոր տիպի գրականությունը իր բնութագրումն էր փնտրում և տարբեր հեղինակներ բառեզրերի իրենց տարբերակներն էին առաջարկում: Այսպես, օրինակ Ալեխո Կարպենտիերը առաջարկում էր «հրաշալի իրականություն» հասկացությունը, Բորխեսը, իր հերթին, սեփական պատումը բնութագրելու համար օգտագործել էր «մոգականություն» եզրը: Ի վերջո ընդունվում է “մոգական ռեալիզմ” արտահայտությունը, որն, անշուշտ չի ընգրկում լատինամերիկյան գրականության մեջ տեղ գտած «մոգականի» և իրականության փոխհարաբերությունների բոլոր տարբերակները:
«Մոգական ռեալիզմը» XX դարի էսթետիկական նվաճումներից մեկն է՝ իր րիտորիկայով և պոետիկայով, իր ուրույն լեզվով և պատումի մտապատկերով: Մոգական ռեալիզմը սիմբիոտիկ արվեստ է բայց և այնպես այն հավասարապես տարբերվում է թե ռեալիզմից և թե ֆանտաստիկից: