Play Video

Ժամանակակից քիմիան բազմաճյուղ և այլ գիտությունների հետ սերտորեն փոխկապակցված գիտություն է, իսկ միջգիտական կոնցեպցիաներից շատերն այժմ առանձին գիտություններ են դարձել: Այդպիսին է ֆիզիկական քիմիան, որը զբաղվում է քիմիական և կենսաբանական համակարգերի ուսումնասիրությամբ` հիմնվելով ֆիզիկայի օրենքների վրա և կիրառելով ֆիզիկական մեթոդներ: Ֆիզիկական քիմիայի այն բաժինը, որը զբաղվում է մանրասփռված (դիսպերս) համակարգերով, կոչվում է կոլոիդ քիմիա:

Նյութական աշխարհը գոյություն ունի հիմնականում լուծույթների և խառնուրդների ձևով, որոնք գիտականորեն անվանվում են դիսպերս համակարգեր, այսինքն` մի նյութի մասնիկներ սփռված են ընդանուր մեկ այլ նյութի մեջ: Ըստ սփռված, բաշխված մասնիկների չափի` դիսպերս համակարգերը դասակարգվում են երկու խմբի`

  • Կոլոիդալ լուծույթներ, եթե մասնիկների չափերը տատանվում են 1-1000 նանոմետր տիրույթում,
  • Իրական լուծույթներ, եթե մասնիկների չափերը մինչև 1 նանոմետր տիրույթում են (մոլեկուլային չափեր):

Կոլոիդալ համակարգեր են թե՛ մթնոլորտային օդը, թե՛ հողը, թե՛ սննդամթերքի բազմաթիվ տեսակներ, թե՛ դեղորայքային, կոսմետոլոգիական, քիմիական մաքրման միջոցները: Կոլոիդ համակարգերն իրականից տարբերվում են նրանով, որ այնտեղ բաշխված մասնիկները մեծ չափերի բերումով մոլեկուլային ագրեգատներ են, որոնք կարծես լողում են այդ միջավայրում` կատարելով բրոունյան շարժում, բայց երբեք իրար չեն հանդիպում և չեն բախվում: Կոլոիդալ համակարգերի մեկ այլ առանձնահատկություն է լուսացրման երևույթը` Թինդալի էֆեկտը, որի միջոցով կարելի է բացատրել երկնքի կապույտ կամ մայրամուտի ժամանակ արևի կարմիր գույնը:

Դիտեք նաև՝

Search