Play Video
Աշխատանքի ապագան նեոլիբերալ աշխարհում. Լենա Նազարյան

Որքան շատ է տարածվում այդ գիտելիքը, այնքան շատ է այդ գիտելիքի հանրային օգուտը, միևնույն ժամանակ այդ գիտելիքի ապրանքային գինը ընկնում է՝ ձգտելով զրոյի, որովհետև այն դառնում է արդեն բոլորի սեփականությունը: Կենդանի գիտելիքը բաղկացած է մարդու առօրյա փորձառությունից և նրա անձնական հմտություններից ու կարողություններից: Կենդանի գիտելիքը մարդու համար ինտուիտիվ ակնհայտություն ու սովորություն է, այն այնքան է մտնում մարդու մեջ, որ մարդ երբեմն չի կարողանում հիշել, թե երբ և ինչպես է սովորել կամ առհասարակ ինչպես կարող էր ինչ-որ բան չիմանալ, անել: Այդ գիտելիքը չեն ուսուցանում, դա առաջանում է մարդու ինքն իր վրա աշխատելու, ինքնաստեղծման արդյունքում: 

Ի տարբերություն մարդկային կապիտալի՝ գիտելիքի կապիտալը նոր բան չէ: Գիտելիքը՝ որպես կապիտալ, կիրառվել է վաղ շրջանի արդյունաբերական ժամանակից: Բայց այն ժամանակ գիտելիքը մեռած էր, այն առարկայացած էր գործիքների, գործընթացների, մեքենաների մեջ, և մարդը հանդես էր գալիս որպես անպաշտպան, հոգնած էակ, որին անհրաժեշտ են քիմիական, էլեկտրական պրոթեզներ, որպեսզի նա գլուխ հանի այդ տեխնիկական շրջակա միջավայրից: Հիմա արդեն հասկացել են, որ շատ կարևոր նշանակություն ունի կենդանի գիտելիքը: Խնդիր է առաջացել տիրել  մարդուն ամբողջությամբ: Ինչպե՞ս դա արվեց: Հանվեց աշխատաժամանակը, և նախանշվեց նպատակը, այսինքն աշխատողի արդյունավետությունը գնահատվում է ոչ թե նրա ներկայությամբ աշխատավայրում, այլ հասած նպատակով և արդյունքների որակով: Հնարավորություն տրվեց նպատակին հասնելու համար աշխատանքի մեջ ներդնել իր ողջ սուբյեկտիվությունը՝ ինքն իրեն: Եվ որպեսզի աշխատողը հասնի հաջողության, պարզ էր, որ նա պետք է աշխատի ինքն իր վրա՝ զարգացնելով սեփական հմտությունները: 

 …Մարդը դառնում է ինքն իր ձեռնարկությունը, և աշխատանքի գինը կախված է այն անվճար և անտեսանելի աշխատանքից, որը նա անում է անընդհատ ինքն իրեն ստեղծելու, վերստեղծելու համար: Շահագործումը վերածվում է ինքնաշահագործման: Ինքնաձեռնարկատիրությունը տանում է նրան, որ արդեն հնարավոր չի մասնավոր կյանքը անջատել աշխատանքային կյանքից, որովհետև աշխատանքային և ոչ աշխատանքային գործունեությունը մարդուց պահանջում են նույն հմտությունները, նույն ստեղծագործական մոտեցումները: Եվ ցանկացած գործունեությանը ավելանում է ինքնա- նախածանցը՝ ինքնաղեկավարում, ինքնակազմակերպում, ինքնագովազդ, ինքնանվիրում, ինքնավաճառք, ինքնաշահագործում:

Դիտեք նաև՝

Search