Մեր լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ նաև գիտելիքի կրիչ: Երբ հաճախ ասում ենք, որ մեր լեզուն կապում է մեզ մեր արմատներին, պետք չէ ֆիզիկական արմատներ պատկերացնել. դրանք սոցիալական արմատներ են: Այսօրվա մարդը, որ մեծանում է և գիտի, որ երկրագունդը կլոր է, ըստ էության՝ կապված չէ պատմական այն ապացույցների հետ, որ երկրագունդը կլոր է. նա ի վերուստ ստանում է այդ գիտելիքը: Կապ չկա երկրագնդի ձևի մասին մեր գիտելիքի և այն մարդկանց միջև, ովքեր հայտնագործել են դա: Այս պատճառով այդ արմատը պետք չէ ծառի նման պատկերացնել. դա գիտելիքի պաշար է, որ կուտակվում է: Հայերենը կրում է մեր գրեթե ամբողջ պատմական՝ հայ ազգին առնչվող շերտը:
Ինչպե՞ս ենք մենք դաստիարակում.
Եթե ուշադիր զննենք ու դիտարկենք, թիվ մեկն «ամոթ» բառն է. այսինքն՝ մենք հղում ենք անում սոցիալական ամոթ, բարոյական ամոթ հասկացությանը, որպեսզի արժեքներ փոխանցենք ապագա սերնդին: «Չի՛ կարելի, ամոթ է», «մի՛ արա, ամոթ է» և այսպես շարունակ: Ստացվում է, որ «ամոթ» բառը փոխարինում է պետությունից բխող մի շարք կարևոր հասկացությունների, ինչպիսին, օրինակ, «անօրինականն» է: Չենք ասում «անօրինական է, մի՛ արա», բայց ասում ենք «ամոթ է, մի՛ արա»: Այսինքն՝ եթե ամոթ չլիներ, կարելի կլիներ անել: Հաճախ ես տեսնում եմ, որ ակտիվիստները ոստիկանների հակաօրինական գործողություններից հետո վանկարկում են «ամոթ է»: Այսինքն՝ ոստիկանի գործողությունները ոչ թե անօրինական են, այլ՝ ամոթ: Սա մեզ հետ է տանում դեպի նախապետական կարգավիճակը: