Արվեստի այս կամ այն ուղղության մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալ-մշակութային, պատմական և քաղաքական համատեքստը, որում այն ձևավորվել է: Հաճախ այդ նույն միջավայրը մեծ ազդեցություն է ունենում արվեստի զարգացման վրա:
1948 թվականն այն կարևոր կետն է, որից սկսած մշակութային ուղղությունն այլ կերպ է զարգանում խորհրդային համակարգում: «Ջազ» եզրույթի վերացմանը զուգահեռ քարոզչական մեծ արշավ է իրականացվում ջազային երաժիշտների դեմ և սկսվում է սաքսոֆոնների ուղղման գործընթացը. քանի որ գործիքն ասոցացվում էր ջազի հետ, խորհրդային միությունում ձևավորվում է սաքսոֆոնի դեֆիցիտ, բացառությամբ` Հայաստանի, ուր հայրենադարձներն իրենց հետ բերում էին նաև սաքսոֆոններ: Ջազային գործունեությամբ զբաղվելու համար ձևավորվում են տարբեր քողարկման մեխանիզմներ` բժշկական վինիլի վրա ձայնագրումից (ջազ ոսկորների վրա) մինչև սև շուկայում վաճառք: Իրավիճակը փոքր-ինչ մեղմվում է 1960-ականներին` «ավելի վտանգավոր» ռոքի ձևավորմանը զուգահեռ:
ԱՄՆ-ում 1940-ական թվականների երկրորդ կեսից ջազը դառնում է քաղաքական մեխանիզմի մի մաս և սկսում օգտագործվել որպես դիվանագիտական զենք: Ամերիկյան մշակույթը ԽՍՀՄ-ում տարածելու և հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով` ստեղծվում է «Ջազի դեսպաններ» նախագիծը, որի շրջանակներում հայտնի ամերիկյան երաժիշտներ` Բենի Գուդմենը, Էլինգթոնի նվագախումբը և այլն, համերգային այցեր էին կատարում ԽՍՀՄ, և այդ համերգները նույնիսկ նախապատրաստում էին երկրի ղեկավարների հանդիպումները: Տեղի էին ունենում նաև պատասխան այցեր, օրինակ` 1975 թվականին Հայաստանի պետական ջազ նվագախումբն է մեկնում ԱՄՆ և շուրջ 40 օր շրջագայում Ամերիկայի տարբեր նահանգներում: Նյու Յորք Թայմսն այդ մասին գրում է` «Հայաստանի պետական ջազ նվագախումբը հերքում է այն միֆը, թե խորհրդայի համակարգում ջազն արգելված է»:
Ջազային դիվանագիտության կարևոր մասն էր նաև «Ջազի ժամ» հաղորդաշարը` Ուիլիս Քոնովերի հեղինակային նախագիծը, որը հեռարձակման շուրջ 40 տարվա ընթացքում կրթում է խորհրդային համակարգի ջազային երաժիշտներին. նրանցից գրեթե բոլորն ասում էին, որ ավարտել են Քոնովերի ջազի ինստիտուտը: Ինչպես նշվել էր Նյու Յորք Թայմսում` «Կոմունիզմի և ժողովրդավարության միջև երկար տարիների պայքարում Ուիլիս Քոնովերն իր «Ջազի ժամ» ծրագրով ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծիչների մի ամբողջ գունդ»: