Սուտն իր մեջ որևէ նոր բան չի պարունակում, այն միշտ եղել է մարդկային հաղորդակցության բաղկացուցիչ մաս: Շատ կարևոր է դիտարկել այն սուտը, որն արվում է որոշակի դիտավորությամբ, որպեսզի դիմացինի մոտ առաջ բերվի որոշակի վերաբերմունք, որոշակի մոտեցում, որին հենց ինֆորմացիայի արտաբերողը չի հավատում: Այս կողմից մեր հասարակությունը մեծ առումով հիմնված է հենց ստի վրա. մենք ունենք որոշակի գաղափարներ, որոնց հավատում ենք, որոնց շուրջ կառուցել ենք մեր ինքնությունը, որոնք փորձում ենք զարգացնել՝ ինքներս չհավատալով դրանց ճշմարտացիությանը: Սա մեզ տանում է փակուղի: Գնալով մենք ավելի ու ավելի անելանելի իրադրության մեջ ենք հայտնվում, որովհետև ստի հատկություններից մեկը կծիկի սկզբունքն է:
Սուտն ամենուրեք է՝ միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում է, ընկերական, հարևանական հարաբերություններում է, մշակութային, կրոնական ու տնտեսական հարաբերություններում: Սուտն այն է, ինչ այսօր կառուցում է մեր հասարակությունը, որովհետև մենք անկեղծ չենք մեր ընտրություններում, մենք անկեղծ չենք կենացներ ասելիս, հանրային միջոցառումների մասնակցելիս, սոցիալական շփումների ժամանակ:
Կարող ենք մտածել, որ սա շատ փոքր խնդիր է, բայց ես կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որի վրա կառուցված են մյուս խնդիրները, որովհետև չստել՝ նշանակում է ազնիվ լինել: