Հայաստանի Հանրապետության վերահսկողության համակարգը ամբողջատիրական էր։ Այդ մշակույթում կար ընկալում, որ եթե կա կանոն, բոլորը պետք է դրան հետևեն։ Այնուամենայնիվ, իրականությունն այլ էր, և կար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն, որպեսզի գրված կանոնները կյանքի կոչվեին։ Մյուս կողմից էլ կա թյուրըմբռնում` վերահսկողության մարմինների գերագնահատման հետ կապված, երբ բոլոր խնդիրները հանրային կառավարման համակարգը ցանկանում է լուծել միայն վերահսկողական տեսչության ստեղծմամբ։
Հայաստանում տեսչական բարեփոխումները սկսվեցին հենց այս դիսկուրսի հետևանքով: Դրան նպաստեց նաև 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի արդյունքում բիզնես միջավայրի բարելավման հրամայականը, քանի որ Կառավարությունը հասկացավ, որ ներդրումներ ներգրավելու համար բիզնեսին անհրաժեշտ էր ազատել մի շարք հին ու ոչ արդիական կանոններից, որոնցից խուսափելու փորձերն էլ բերում էին կոռուպցիոն սխեմաների ստեղծմանը:
Տեսչական բարեփոխումներ հիմնական բացադրիչներն էին`
1. Ռիսկի վրա հիմնված վերահսկողության համակարգի ներդնումը, ըստ որի, տեսչական մարմինները ստուգումներ անցկացնելուց առաջ պետք է գնահատեին իրավիճակը և որոշում կայացնեին` որտեղ և ինչու կատարել ստուգումը, որպեսզի ռեսուրսների ճիշտ կառավարում լինի:
2. Հրապարակայնության ապահովում. ռիսկերի վերլուծություն անելուց հետո տեսուչները պետք է հրապարակեին ստուգման համար ընտրված ընկերությունների ցանկը, իսկ այնուհետև` ստուգման արդյունքները:
Քաղաքականությունից վերահսկողական համակարգի կախվածությունը նվազեցնելու նպատակով իրականացվեց նաև օպտիմիզացիա, որի արդյունքում տեսչությունները առանձնացան նախարարություններից, ինչպես նաև խիստ կրճատվեց տեսչությունների և վերահսկվող ոլորտների քանակը: Յուրաքանչյուր տեսչական մարմնի համար ստեղծվեց խորհուրդ` վերահսկողության վրա քաղաքականության ազդեցության գնահատման և նկատառման հարցը կարգավորելու համար: Ձևակերպվեցին ընթացակարգեր, որոնք ապահովում էին համակարգի միասնականությունը և կանխատեսելիությունը: