Երկար ժամանակ կրոնական և գիտական քննարկումներում ամենակարևոր արդիական հարցերից մեկը իսլամի և լիբերալիզմի, իսլամի և ժողովրդավարության, իսլամի և մոդեռնիզմի, պլուրալիզմի միջև համատեղելիության խնդիրն էր և այս դիսկուրսը: Մի մասը գտնում էր, որ իսլամը համատեղելի է մոդեռնիզացիայի հետ, համատեղելի է լիբերալիզմի հետ, ժողովրդավարության հետ, իսկ մյուս մասը գտնում էր, որ այս ամենը հարվածում և ոտնահարում է իսլամական նորմերը: Սա ֆունդամենտալիստների և ռեֆորմիստների երկար ընթացող բանավեճը և երկար ընթացող պայքարն է:
Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ամենակարևոր ծավալվող դիսկուրսը կրոնի և աշխարհիկության շուրջ էր: Այս դիսկուրսի մեջ դոմինանտը քեմալական մոտեցումն էր, որը գտնում էր, որ նոր ազգային պետության կերտման, արդիականացման համար պետք է հասարակությունը լինի աշխարհիկ, իրականացվի կոշտ աշխարհիկ քաղաքականություն՝ ապահովելով թուրքական հասարակության տեղն ու դերը քաղաքակիրթ աշխարհում: Սակայն կրոնական հատվածը գտնում էր, որ մոդեռնիզմը, արևմտականացումը ոտնահարում են իսլամը և իսլամը պետք է փրկել այս ազդեցություններից: Այս բանավեճին այլընտրանք եկավ Սաիդ Նուրսիի ուսմունքը՝ որպես երրորդ ուղի: Այս ուսմունքը ձևակերպեց, որ գիտելիքը, գիտությունը չի հակասում իսլամին և չափազանց կարևոր է կրթությունը: Այսինքն՝ ուսյալ, կրթություն ստացած մուսուլմանը կարող է ավելի լավ աստվածային ճանաչողության հասնել: Նա փորձում էր քեմալականների կողմից այդ կոշտ պարտադրվող քաղաքականությանն այլընտրանք առաջարկել: Նա գտնում էր, որ հավատն ու գիտելիքը անհամատեղելի չեն, որ կարևոր է կրթությունն ու աշխատասիրությունը: Այսինքն՝ իր ուսմունքով Նուրսին փորձում էր աշխարհիկ կրթությունը հեռու պահել անհավատությունից և կրոնական կրթությունը՝ մոլեռանդությունից: Նրա խնդիրը հավատի և գիտելիքի հաշտեցումն էր:
Ֆեթուլլահ Գյուլենը, տարված լինելով Սաիդ Նուրսիի այս գաղափարներով, փորձեց ստեղծել իր սեփական կրոնական համայնքը: Այստեղ կարևոր է պատասխանել մի քանի հարցերի. ինչպե՞ս նա կարողացավ ձևավորել այդ համայնքը և այդ համայնքը ինչպիսի՞ տրանսֆորմացիոն փուլերի միջով անցավ, ինչպիսի՞ փախակերպումների ենթարկվեց այդ համայնքը ժամանակի ընթացքում, ի՞նչ հարաբերություններ ձևավորվեցին այդ համայնքի և պետության միջև և հետագայում ինչպե՞ս Գյուլենը կարողացավ մեծացնել իր ազդեցությունը ոչ միայն սեփական պետության սահմաններում, այլ նաև դրանից դուրս: Ֆեթուլլահ Գյուլենն իր հիմնական գործունեությունը սկսում է այն ժամանակ, երբ հավաստագիր է ստանում կրոնի հարցերով վարչության կողմից և Թուրքիայի արևմտյան քաղաքներից մեկում նշանակվում է իմամ: Այսպես նա սկսում է իր քարոզչական գործունեությունը: Լինելով երիտասարդ, ճկուն և դինամիկ կերպար՝ նա իր քարոզչական գործունեությունը սկսում է ծավալել նաև մզկիթներից դուրս՝ շրջում է սրճարաններում, հանդիպումներ է ունենում արհեստագործական շրջանակների հետ, գործունեություն է ծավալում երիտասարդական համայնքներում և այլն: Այս իմամական գործունեության ընթացքում նա կարողանում է իր շուրջը համախմբել համախոհների՝ սոցիալական ամենատարբեր շերտերից: Սա էր այն սոցիալական հենարանը, որի հիման վրա աստիճանաբար ձևավորվում էր գյուլենական համայնքը: