Գիտության ցանկացած ձեռքբերում կարող է մարդկության առաջընթացի նոր հնարավորություն ընձեռնել, բայց նաև կարող է վտանգ դառնալ մարդկանց, նրանց առողջության, կենսամիջավայրի համար: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները (ԳՄՕ) նման ձեռքբերումների շարքին են պատկանում: Այսօր ԳՄՕ-ները համարվում են կենսատեխնոլոգիական ամենատարածված և ամենավիճարկելի պրոդուկտը: Շատերը կարծում են, որ ԳՄՕ-ները միայն սննդի մեջ օգտագործվող նյութերն են, սակայն հասկացությունն ավելի լայն է: Գենետիկորեն մոդիֆիկացված են այն օրգանիզմները, որոնց գենոմը փոփոխվել է արհեստական պայմաններում՝ գենային ինժեներիրայի և ԴՆԹ-ի ռեկոմբինացման միջոցով: Գենետիկորեն մոդիֆիկացված կարող են լինել ինչպես միաբջիջ, այնպես էլ բազմաբջիջ օրգանիզմները՝ միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները: Փոփոխությունները կարող են առաջանալ նաև բնական տարբեր գործոնների՝ քիմիական նյութերի, ճառագայթման ազդեցության տակ, սակայն, այս փոփոխությունները պատահական բնույթ են կրում և սովորաբար շտկվում են բջիջների վերականգնողական համակարգի շնորհիվ: Լաբորատոր պայմաններում կատարված փոփոխությունները նպատակային են. որոշակի գեներ են ներկառուցվում կամ հեռացվում բջջի գենոմից: Կարելի է առանձնացնել ԳՄՕ-ների ստացման մի քանի էտապ: Առաջին հերթին, որոշակի օրգանիզմից անջատվում է այն գենը, որ պիտի ներմուծվի այլ օրգանիզմի մեջ, այնուհետև այն տեղափոխվում է որոշակի կրիչի՝ ԴՆԹ-ի որոշակի տեսակի վրա: Այնուհետև գենը ներկառուցվում է բջջի գենոմում, և ստացվում է անհրաժեշտ արդյունքը:
***
ԳՄՕ պարունակող մթերքի՝ շուկայում հայտնվելուց հետո չեն դադարում քննարկումները դրա անվտանգության վերաբերյալ: 2009թ. տվյալներով աշխարհի երկրների մեծամասնությունը թույլ էին տվել ԳՄՕ աճեցումն ու օգտագործումը: 2014թ. 64 երկրում օրենք ընդունվեց ԳՄՕ պարունակող մթերքի պարտադիր մակնշման վերաբերյալ: Հայաստանում ԳՄՕ-ների գործածության վերաբերյալ օրենք գոյություն չունի:
***
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զբաղվում է ԳՄՕ մթերքի անտանգության ստուգմամբ: ԳՄՕ-ների անվտանգության ստուգման որոշակի մեխանիզմներ են մշակվել. ստոգվում է տոքսիկականության, գենի կայունության, սննդային հավելումների պարունակության, ալերգենների առկայության մակարդակը: Որոշ ԳՄՕ-ների ստացման համար օգտագործվող գեները կարող են վնասել մարդուն՝ հակաբիոթիկների հանդեպ իմունիտետ ձևավորվելով: Արտաքին միջավայրում գեների միգրացիան կարող է հանգեցնել նոր բուսատեսակների առաջացման: ԳՄՕ-ների ուսումնասիրությունները արդեն երկար ժամանակ է, ինչ իրականացվում են, սակայն, դեռևս չի կարելի միանշանակ խոսել դրանց անվտանգության մասին: