Play Video
Հայերեն առաջին օրագրությունները. 17-րդ դարի պատմական ձևափոխումների հետագծով. Գայանե Այվազյան

Ավանդական պատմագրության սկզբունքներով առաջնորդվող հեղինակների կողքին, որոնք հիմնականում հոգևորականներ էին, պատմագրական հավակնություններ սկսեց ցուցաբերել մի ուրիշ հասարակախավ, որ իր պրագմատիկ կենսառիթմից, պրակտիկ մտածողությունից բխող ընկալումներ և պատկերացումներ բերեց գրական իրականություն: Այս ժամանակաշրջանում մարդն այլևս փոխել էր տարածության մասին իր նախկին ընկալումները և ավելի մեծ հնարավորություններ ուներ հսկայական տարածություններ կտրել-անցնելու ու սրա վերաբերությամբ պիտի փոխեր նաև ժամանակի վերաբերյալ իր պատկերացումները, բայց որպեսզի փոխեր ժամանակի մասին իր պատկերացումները, պիտի նախ տիրապետեր այդ ժամանակին, որը մինչ այդ սակրալ էր, վանքապատկան էր: Փաստորեն, այս նոր մարդը դուրս է գալիս՝ նվաճելու իր ժամանակը սահմանելու իրավունքը, իսկ ժամանակը սահմանելու լավագույն միջոցը եղել և մնում է գրականությունը: Աշխարհայացքային փոփոխությունների ամբողջ հերթագայությունը լավագույնս արտացոլված է 17-րդ դարի հայերեն օրագրություններում: 17-րդ դարը նաև համարվում է օրագրության ժանրի կայացման ժամանակաշրջանը…

…Երկերի առաջին բնութագրիչը, որով չափվում էին որպես օրագրություններ, ժամանակագրական համակարգի կիրառումն էր: Կյանքի ռիթմի արագությամբ թելադրված՝ անհրաժեշտություն դարձավ նաև տարվա, ամսվա, օրվա և անգամ օրվա ժամերի ճշգրիտ հիշատակությունը, այսինքն ի սկզբանե սրանց առաջանալը ուներ գործնական, հաճախ էլ՝ անձնական նշանակություն: Օր.՝ վաճառական Զաքարիա Ագուլեցին իր դավթարում պիտի անպայման իր առևտրային հաշվարկները կատարեր, կամ սրա կողքին օրագրություններ չափազանց առկա է կենցաղը և առօրյականությունը, բազմաթիվ վկայություններ կան հեղինակների հանգստի, հիվանդությունների, մասնավոր այցերի, խոհանոցի, նախընտրած ուտելիքների, անգամ երազների վերաբերյալ…

Ամենամեծ նպաստը, որ հայերեն օրագրությունները բերում են հայ պատմագրական մտքի պատմության մեջ, մարդու անհատականության վավերացումն է, վերջապես այս երկերի միջոցով պատմագրական միջավայր մտավ մարդը, ոչ թե հերոսը կամ հակահերոսը, այլ մարդն ինքն իրենով…

Դիտեք նաև՝

Search