Միջազգային հարաբերությունները պետությունների կողմից երկուստեք կամ բազմակողմանի հարաբերություններում սեփական շահերի պաշտպանության գործընթացն են, որն անվանում ենք արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է միջազգային ասպարեզում։
Ամերիկացի քաղաքական տեսաբան Դևիդ Իսթոնի՝ ներքաղաքական կյանքում որոշումների կայացման գործընթացը նկարագրող դասական տեսությունը կոչվում է «Սև արկղի տեսություն»։ Պատկերացնենք սև արկղ, որի մեջ մի կողմից վեկտորների ձևով մտնում են հանրային տրամադրություններն ու պահանջները, քաղաքական տրամադրությունները։ Արկղում դրանք վերածվում են որոշման, որն արկղից դուրս է գալիս արդեն մեկ վեկտորի ձևով և հիմնականում իրավաքաղաքական ակտի տեսք է ունենում։ Դրան հաջորդում են նոր որոշումներ, քաղաքական կյանքը զարգանում է և պերմանենտ առաջընթացի երաշխիք է դառնում։
Կայացած քաղաքական համակարգերում գոյություն ունեն որոշումների կայացման տարբեր մոդելներ, որոնցից որոշներին անդրադարձ կարվի։ Առաջինը սահմանափակ ռացիոնալության տեսությունն է, ըստ որի գոյություն ունեն քաղաքական հստակ ինստիտուտներ, որոնք օրակարգեր են ձևավորում, որոնցից հետագայում ընտրվում է ամենառացիոնալը։ Մյուս մոդելը բիհեյվիորիստական տեսությունն է, որը բնորոշ է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը բանակցությունների և սեփական շահերի պաշտպանության ընթացքում ուսումնասիրում է մյուս կողմի պահվածքը, որպեսզի դրա թույլ կետերի միջոցով ճնշումներ և մանիպուլյացիաներ իրականանցնի։ Երրորդ մոդելը հեռանկարի տեսությունն է, որը բնորոշ է միություններին։ Մի խումբ պետություններ համատեղ պլանավորում են որոշակի հեռանկար և հետագա ներքին և արտաքին քաղաքականությունն իրականացնում են դրան հասնելու նպատակով։ Ըստ ցանցային տեսության, ներքին և արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն ունեն սոցիալական ցանցերում քննարկումները։
Անցումային գործընթացներում գտնվող հիբրիդային պետություններում «սև արկղի տեսությունն» այլ կերպ է աշխատում․ վեկտորները՝ քաղաքական և հանրային ինստիտուտները ոչ ամբողջությամբ են գործում, և «սև արկղում» որոշումները կայացվում են իռացիոնալ։
Հայաստանը պիտի վերանայի կրթական համակարգը, որից այնպիսի քաղաքացիներ դուրս կգան, որոնք ունակ կլինեն ինքնուրույն որոշումներ կայացնելու և կարողանան պատրաստ լինել Հայաստանին ապագայում սպասող մարտահրավերներին։ Անհրաժեշտ է ստեղծել քաղաքական որոշումների վրա ազդեցության արդյունավետ մեխանիզմներ։ Մենք՝ որպես հանրույթ, պիտի կարողանանք առանց վախի վերաբերվել անգամ դժվարին խնդիրներին, լուծել դրանք և անցնել առաջ։