ՀՀ էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացված կայուն համակարգ է, որին ձգտում են շատ զարգացած և զարգացող երկրներ: Թե վերականգնվող էներգետիկան, թե ատոմային էներգետիկան ունեն իրենց դերն ու նշանակությունը մեր համակարգում:
Վերականգնվող էներգետիկա
ՀՀ արտադրվող էլեկտրական էներգիայի ավելի քան 31-33%-ը առաքվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից, մասնավորապես հիդրոէլեկտրակայաններից: Վերջին տարիների ինստիտուցիոնալ փոփոխություններն ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության հետևողական ջանքերի շնորհիվ զարգացում և էական տեղաշարժ ունենք արևային էներգետիկայի և հողմային էներգետիկայի ոլորտներում:
Հիդրոէներգետիկա
ՀՀ աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ինտենսիվ օգտագործել հիդրոէներգետիկ, արևային և, ինչու չէ նաև քամու ռեսուրսը էլեկտրական էներգիա ստանալու հարցում: Հիդրոէներգետիկան պատմականորեն մեծ դեր է խաղացել մեր էներգետիկ անվտանգության տեսանկյունից: 2018թ. տվյալներով մեր հիդրոէներգետիկ պոտենցիալը կազմում է 1321.7 ՄՎ հզորություն, ինչը ապահովում է ՀՀ էլեկտրական էներգիայի արտադրության 31%-ը: 1321.7 ՄՎ հզորության մեջ 357.7 ՄՎ դա փոքր հիդրոէլեկտրակայաններն են, որոնք 2017թ. ապահովել են ՀՀ էլեկտրական էներգիայի արտադրության ավելի քան 11%-ը:
Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով սահմանված հզորությունների և արտադրանքի չափաքանակի թիրախային սահմանաչափին մեր երկիրը վաղուց արդեն հասել է: Մեր օրերում գերկարևոր խնդիր է տեխնիկական վերազինման և ժամանակակից բնապահպանական և տեխնիկական չափանիշներին համապատասխանեցման հարցը, ինչը ուղղակիորեն կազդի նաև փհէկ–երի արտադրողականության վրա՝ միևնույն բնական ռեսուրսն օգտագործելու պարագայում:
Արևային էներգետիկա
Բավական հետաքրքրական է արևային էներգետիկայի զարգացումը, որը վերջին տարիներին պետության հետևողական ուշադրության շնորհիվ ուղղակի աննախադեպ վերելք ապրեց, կայացավ մասնավոր հատվածը, ստեղծվեցին գործիքներ, որոնք գյուղական հեռավոր համայնքների համար հասանելի դարձրեցին արևային տեխնոլոգիաները:
Հայաստանը կարողացավ դառնալ այն եզակի երկիրը, որը ստացավ ամենացածր սակագինը միջազգային տենդերի արդյունքում. խոսքը 55 ՄՎ Մասրիկի կայանի կառուցման մրցույթի մասին է, որի սակագինը կազմում է 20.11 ՀՀ դրամ:
Ներկա պահին մենք ունենք 12 տեղական լիցենզավորված ընկերություններ, ովքեր արդեն արտադրում են էլ էներգիա կամ գտնվում են շինարարության փուլում: Ընդհանուր հզորությունը կազմում է շուրջ 10 ՄՎ:
Եվս 4.2 ՄՎ շարունակաբար աճող հզորություն ունենք տանիքներին տեղադրված սեփական կարիքների համար արևային ռեսուրսն օգտագործվող սպառողներ: Հիշեցնեմ, որ օրենքի փոփոխության համաձայն ֆիզիկական անձինք մինչև 150 ԿՎ սահմանաչափով, իսկ իրավաբանական անձինք մինչև 500 ԿՎ սահմանաչափով իրավունք ստացան սեփական կարիքների համար արտադրել և օգտագործել արտադրված էլեկտրական էներգիան:
Չգազաֆիկացված համայնքներում հատուկ ֆինանսական գործիքի կիրառման շնորհիվ գյուղաբնակ ընտանիքները նույնպես օգտվում են արևային տեխնոլոգիաներից ի հաշիվ էներգախնայողության: Ծրագրի մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց արդեն ավելի քան 700 շահառու հելիոֆիկացված է և օգտվում է արևային էներգետիկայից, ունենալով ամառվա ամիսներին 100%, իսկ ձմռան ամիսներին 30% էներգախնայողություն:
Ծրագրվել է, որ մինչեւ 2022 արեւային էներգետիկայի մասնաբաժինը հասցնել առնվազն 10%: Ավելին, սկվել է աշխարհում իր չափով մեծուծթյամբ 10-րդ մարկոցային էլեկրակուտակիչ կայանի ծրագիրը:
Բանախոսության գրավոր տարբերակը ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ՝ BOON-TV
Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ: