Play Video
Ուսուցիչների ատեստավորման համակարգի բարեփոխում. Բիայնա Ամիրջանյան| #բունֆորմատ

Ուսուցչի մասնագիտությունը պատմականորեն դիտարկվում է որպես առաքելություն: Սակայն այսօր պատկերը մի փոքր այլ է. մանկավարժներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն դիտարկվում որպես լավագույն բուհեր և մրցունակ չեն: Եթե դիտարկենք այլ բուհերի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վերջին երեք տարիների միջին անցողիկ գնահատականները, կնկատենք, որ տարբերությունը կազմում է 1-3 միավոր:

Խնդիրներից մեկն այն է, որ ուսուցիչների աշխատավարձը նույնպես մրցունակ չէ: Եթե դիտարկենք ուսուցիչների միջին անվանական աշխատավարձը, կտեսնենք, որ այն կազմում է 129.517 դրամ: Այնինչ մեկ դրույքի և մեկ ուսուցչի աշխատավարձը տարբեր է, քանի որ ուսուցիչների քանակը Հայաստանում 36.807 է, իսկ դրույքների քանակը՝ 25.533: Այսինքն՝ մեկ ուսուցչին մոտավորապես բաժին է հասնում 0.7 դրույք, ինչի արդյունքում ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է մոտավորապես 93.367 դրամ: Մինչդեռ հանրապետության միջին աշխատավարձը 2017թ.-ի դրությամբ կազմում է 195.074 դրամ:

ՀՀ-ում ուսուցչի մասնագիտական հմտությունների և գիտելիքների միակ հավաստիքը հանդիսանում է համալսարանից ստացված գիտելիքը և որակավորումը: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար պետք է իրականացնել լրացուցիչ քննություններ, ստեղծել ուսուցիչների բազա, որը հետագայում կրթության լիազոր մարմինների կողմից ուսուցիչ նշանակվելու հիմք կհանդիսանա: Հայաստանում համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար գոյություն ունեն քննություններ՝ բանավոր և գրավոր՝ յուրաքանչյուրը 100 հարցից բաղկացած, որոնք ներառում են միայն կրթության մասին օրենքը և Հայաստանի Սահմանադրությունը, սակայն չեն ստուգվում ուսուցիչների մասնագիտական հմտությունները և նրանց գիտելիքները:

«Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ, Երիտասար փորձագետների ծրագիր Հայաստանի կամ Կրթության և գիտության նախարարության տեսակետ:»

Դիտեք նաև՝

Search