Play Video
ՀՀ դպրոցական ցանցի արդյունավետության բարելավում. Արմինե Հովհաննիսյան| #բունֆորմատ

Հայաստանում դպրոցների համակարգն ունի որոշակի մարտահրավերներ. աշակերտների թիվը նվազում է, իսկ ուսուցիչների և դպրոցների թիվը մնում է նույնը` հանգեցնելով ցանցի արդյունավետության մի շարք ցուցանիշների վատթարացման: Թվային այս անհամապատասխանությունը ստեղծում է ոչ միայն ընդհանուր համակարգի ֆինանսական անարդյունավետություն, այլև հնարավորություն չի տալիս յուրաքանչյուր աշակերտի համար ապահովել որակյալ կրթություն լուծելով օրինակ լաբորատորիաների պակասի կամ ուսուցիչների բացակայության կամ մոտիվացիայի խնդիրը: Վերլուծելով հիմնական քանակական ցուցանիշները, ինչպիսիք են օրինակ աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը և այլն, ակնհայտ է դառնում Հայաստանում դպրոցական ցանցի արդյունավետության վերանայման և արդյունավետության բարձրացման նոր քաղաքականության մշակման անհրաժեշտությունը: Խնդիրն արդիական է ոչ միայն Հայաստանում այլև մի շարք ծնելիության մակարդակի անկում կամ զգալի չափերի հասնող ներքին ու արտաքին միգրացիա ունեցող երկներում, մասնավորաբար` հետխորհրդային երկրներում:

Առաջին հայացքից քանական խնդիրների այս համախումբը կարելի է լուծել և համակարգի արդյունավետությունը բարձրացնել քանակական վերլուծության հիման վրա քաղաքականություն մշակելով: Սակայն, ուսումնասիրելով ոլորտի առանձնահատկությունները, պարզ է դառնում, որ միայն քանակական վերլուծությամբ առաջնորդվելը թյուր է ու իրականում անարդյունավետ:

Կրթության և մասնավորաբար հանրակրթության ոլորտը պարփակում է գրեթե ամբողջ հասարակությունը. աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաև անուղղակի շահառուներ: Քաղաքականություն մշակելիս կարևոր է հաշվի առնել ոլորտում ներգրավված բոլոր շահառուների կարիքներն ու գնահատել քաղաքականության հնարավոր ազդեցությունը վերջիններիցս յուրաքանչյուրի վրա: Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ զուգորդվում ենք աշակերտների, դպրոցների և ուսուցիչների աշխարհագրական սփռվածությամբ, դպրոցների շենքերի սեյսմիկ խոցելիությամբ և մի շարք այլ խնդիրների հետ: Ընդ որում խնդիրներն մակերեսային չեն, այլ բավականին խորն ու հրատապ: Օրինակ, սեյսմիկ կայունության խնդրի արդիականությունն ու ծավալը հասկանալու համար նշենք, որ դպրոցների ավելի քան 35 %-ը գնահատված է որպես խիստ խոցելի:

Արդյունավետության մասին խոսելիս բնական է, որ քանակական վերլուծությունը հիմնասյունն է մշակվելիք քաղաքականության: Սակայն, ինչպես նշվեց, ոլորտի զգայունությամբ պայմանավորված՝ արդյունավետության բարելավման ծրագիր մշակելիս կարևոր է քանակական վերլուծությունը համադրվել որակականի հետ: Օրինակ, դիտարկելով աշակերտների փոխադրումը որպես այլընտրանք պետք է հաշվի առնել լեռնային բնակավայրերի ճանապարհների անկատարությունն ու դժվար անցանելիությունը տարվա ցուրտ ամիսներին: Կամ սահմանելով դպրոցների ռացիոնալացման չափանիշներ կարևոր է նկատի ունենալ, որ սահմանամերձ բնակավայրերում դպրոցի փակումը կարող է հանգեցնել ամբողջ բնակավայրի գոյության դադարեցմանը: Դպրոցները փոքր բնակավայրերում ոչ միայն կրթական նշանակություն ունեն, այլև հանդիսանում են կարևոր համայնքային կենտրոն: Առանց այդ էլ անբարեկեցիկ և ռիսկային կյանքով ապրող բնակչության ու մանավանդ երիտասարդների համար մի փոքր հավելյալ դրդապատճառն անգամ կարող է դառնալ վերջին կետը բնակավայրից արտագաղթելու, իսկ համայնքային կենտրոնի փակումն առավել ևս:

Բանախոսության գրավոր տարբերակն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ՝ Արմինե_Հովհաննիսյան

Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ:

Դիտեք նաև՝

Search