Play Video

Հայագիտության մեջ սփյուռքի պատմությունն ուսումնասիրելիս հաճախ այն դիտարկում ենք ազգ-պետության արդի գաղափարախոսության դիտանկյունից՝ մոռանալով, որ ազգ-պետության գաղափարը արդի իմաստով ձևավորվել է 19-րդ դարի սկզբին։ 18-րդ դարում Տրանսիլվանիայի եկեղեցիների՝ հայկական բովանդակությամբ (օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը կնքում է Տրդատ թագավորին), բայց բարոկկո ոճով արված պատկերները մեկնաբանելիս երբեմն գալիս ենք եզրահանգման, որ հայերը կարողացել են հետաքրքիր ձևով համադրել իրենց ազգային ինքնությունը և տեղական կամ լայն եվրոպական ճարտարագիտական ազդեցությունները, մշակութային հոսանքները։ Բայց «ազգային ինքնություն» արտահայտությունն այս համատեքստում օգտագործելիս պատմական սխալ ենք թույլ տալիս, քանի որ այդ ժամանակ նման հասկացություն դեռևս գոյություն չուներ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս մեկնաբանել վաղ արդիական սփյուռքի (16-18-րդ դարեր) փորձառությունը։ Անհրաժեշտ է նոր կոնցեպտ՝ բարոկկո սփյուռք։

Բարոկկո սփյուռքը ժամանակագրական առումով նախորդում է արդի ազգային գաղափարախոսությանը։ Ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզը բարոկկոն նկարագրում է ոչ թե որպես յուրահատուկ ոճ կամ ինքնության հաստատում, այլ անհուն(infinite) տարբերությունների գործածություն, մեխանիզմ։ Կարելի է մտածել, որ այդ ժամանակաշրջանի հայկականության փորձառությունը նաև ինչ-որ իմաստով հենց այդ վայրում, այս դեպքում՝ Տրանսիլվանիայում, տարբերության արտադրություն է։ Այն տարբերվում է թե արդի ազգայնականությունից, թե եվրոպական այլ մշակույթներից, հավաքականություններից։ Բարոկկո սփյուռքի գաղափարը հրավեր է պրպտելու, մեկնաբանելու հայկականության հետքերը՝ ոչ թե ի սկզբանե անտեսելով տարբերությունը և կենտրոնանալով ազգային ինքնությունը պահել/չպահելու վրա, այլ փորձելով հասկանալ՝ ինչպիսի տարբերություն է արտադրվել հայկական սփյուռքի վաղ արդիականության շրջանում։

Դիտեք նաև՝

Search