Play Video
Դիսկուրս անալիզի տեսություն. Սմբատ Հակոբյան

Դիսկուրս բառն առաջացել է լատիներեն discursus բառից, նշանակել է այս և այն կողմ թափառել, արագ տեղաշարժում, թարթում, նաև խոսք և քննարկում, հետագայում ֆրանսերենի միջոցով է տարածում գտել՝ ֆրանսերենով նշանակելով հանրային որևէ խոսք որոշակի նպատակի հասնելու համար կամ զրույց, խոսք: Փիլիսոփայական մտքի մեջ՝ սկսած Արիստոտելից, Պլատոնից մինչև լուսավորիչների դարաշրջան դիսկուրսային է համարվել դատողականը, ռացիոնալը՝ հակադրվելով իռացիոնալին և զգացմունքայինին:

Աբստրակտ մակարդակում խոսույթն իրենից ներկայացնում է սոցիալ-պատմական մի կոնտեքստ, որի մեջ ձևավորվում է մարդկանց կողմից երևույթների մեկնաբանումը և ընկալումը: Այսինքն, երբ մենք ասում ենք գիտական խոսույթ, նշանակում է, որ դա այն բոլոր տեքստերն են, որոնք մեր մեջ ձևավորում են գիտության հանդեպ վերաբերմունքը, ընկալումն ու մեկնաբանությունը: Օր.՝ երբ մենք ասում ենք ժողովրդավարության խոսույթ, կրկին նկատի ունենք բոլոր այն տեքստերը, մոտեցումները, որոնք մեր մեջ ձևավորում են ժողովրդավարության երևույթի ընկալումը, դրա հանդեպ վերաբերմունքը, և թե մենք ինչպես ենք կիրառելու դա ընդհանրապես:

…խոսույթը մի բան է, որտեղ իշխանությունը չկա, մենք ունենք միայն իշխանությունը թողած հետքը:

Յուլյա Կրիստևան ձևակերպել էր ինտերտեքստուալության սկզբունքը (որը հիմնվում էր Միխայիլ Բախտինի պոլիֆոնիկ վեպի տեսության վրա, հետագայում Ռոլան Բարտը մի փոքր հղկելով՝ վերջնականապես ձևակերպեց այս երևույթը), ըստ որի՝ բոլոր տեքստերը իրենց մեջ պարունակում են արդեն հնչեցված կամ այդ ժամանակ հնչեցվող տեքստերը, այսինքն՝ սինխրոն և դիախրոն կերպով կապված են մյուս տեքստերի հետ: Օր.՝ երբ ես ինչ-որ բան եմ պատմում, ես պատմում եմ ոչ թե մի տեքստ, այլ դրանք բազմաթիվ տեքստեր են, որոնց վրա հղումներ կատարելով կամ ալուզիաներ ու ռեմենեսենցիաներ օգտագործելով` ես կառուցում եմ մի ամբողջական տեքստ: Ստացվում է, որ տեքստերը ոչ թե մի տեքստ են, այլ բազմաթիվ տեքստեր են: Ալտուսերը, սա օգտագործելով, առաջ է քաշում ինտերխոսույթայնության տեսությունը, համաձայն որի՝ խոսույթները նույնպես հղում են կատարում մինչև այդ կամ այդ ժամանակ հնչեցված խոսույթներին, և այս տեսանկյունից, օրինակ, երբ ասում եմ՝ դեմոկրատիան է լավ, իրականում ես հղում եմ այն դեմոկրատական խոսույթին, որը հնչեցվել է մի ժամանակ: Առաջ է գալիս հեղինակի հարցը, որը մինչ այդ Բարտի մոտ էր բարձրացվել, և Բարտն, օրինակ, ասում էր, որ հեղինակ գոյություն չունի, հեղինակը մահացել է, մենք ունենք միայն այդ տեքստերի ամբողջությունները, որոնք իրար վրա հղում են կատարում: Գիտական տեսանկյունից բարձրանում է այլ հարց. երբ գիտնականը կատարում է ուսումնասիրություն, նա է արդյո՞ք հեղինակը այդ գիտական ուսումնասիրության, և որքանո՞վ է նա օբյեկտիվ…

Դիտեք նաև՝

Search