Ազգի ամենահատկանշական տարրերն են լեզուն և մշակույթը. եթե լեզուն զարգացած է, մշակույթը տարածված է, հակառակն էլ է ճիշտ, եթե մշակույթը տարածված է, ուրեմն լեզվական յուրահատկություններով է պայմանավորված տարածումը:
Արևմտահայերենը, լինելով ցեղասպանված լեզու, ինքն իր մեջ բարդույթավորման խնդիր ստեղծեց: Ի՞նչն էր այդ բարդույթավորումը: Եթե ես պետք է ստեղծագործեմ արևմտահայերեն, ունեմ պատմական շատ ծանր հիշողություն, և ինքը՝ լեզուն, այդ պատմական հիշողության մի մասնաճյուղը հանդիսանալով՝ այդ բեռը կրեց, այսինքն իր լեզվամտածողության մեջ, իր գեղագիտական սավառնումներում, իր ամենօրյա մարմնավորումներում ունեցավ այդ ցավը, վիրավոր լեզու էր, որբ լեզու էր…