Play Video

Տվյալների լրագրությունը պատասխանում է դասական լրագրության հարցերին, պարզապես, տվյալների հետ աշխատող լրագրողը պիտի հետաքրքրված լինի մաթեմատիկական հաշվարկներով և իր հարցերն ուղղի ոչ թե մարդկանց, այլ թվերին։ Տվյալների հետ աշխատող լրագրողըն առաջին հերթին բարձրացնում է իրեն հետաքրքրող խնդիրը՝ ըստ հերթականության իրականացնելով տվյալների դուրս բերում, մշակում, վերլուծությունն ու առաջնային վարկածի հաստատում կամ մերժում։ Լրագրողը վերցնում է բաց կամ պաշտոնական տվյալներ և դրանց հետ աշխատում՝ դրա հիման վրա պատրաստելով նյութը։

Տվյալների հետ աշխատելուն օգնության են գալիս բազմաթիվ վճարովի և անվճար մուլտիմեդիա գործիքներ, որոնց օգնությամբ լրագրողը ստանում է ինտերակտիվ գրաֆիկներ և ինֆոգրաֆիկներ, որոնք օգնում են կրճատել տեքստային հատվածը։ Հայաստանում բավականաչափ շատ են բաց և բոլորին հասանելի տարբեր ոլորտների տվյալներ։

Տվյալների մշակման արդյունքում ստված բացվում են այն սուտ տեղեկությունները, որոնք տարածվում են առանց անհրաժեշտ հիմնավորման։ Սա շատ լավ գործիք է հատկապես վերջերս սոցիալական ցանցերում տարածվող կարծիքները մշակելու և մանիպուլյատիվ տարրերը բացահայտելու համար։ Ցավոք, Հայաստանում այդքան էլ շատ չեն խմբագրություններն ու լրագրողները, որոնք հետաքրքրված են տվյալների հետ աշխատելու։ Կարելի է ասել, որ հայաստանյան լրագրությունն այս ուղղությամբ առաջին քայլերն է կատարում, թեև եղել են աշխատանքներ, որոնք ազդեցություն են ունեցել հասարակական քննարկումների վրա։ Պատճառը այն է, որ խմբագրությունները պատրաստ չեն այս տեսակի տեղեկությունները կարևորելու, կամ չեն հավատում, որ դրանք հետաքրքիր կլինեն հայաստանյան ընթերցողին։ Տվյալների լրագրության կարևոր տարրերից է watchdog-ի (պահապան շուն) գործառույթը՝ տեղեկատվական հոսքերի վերահսկումը։ Եթե նախքան համացանցի առաջացումը լրագրությունը վերահսկում էր քաղաքական հայտարարություններն ու խոստումները, ապա թվային դարաշրջանում խոսքը, թվերը, զեկույցները հասանելի են մնում համացանցում, ինչը թույլ է տալիս նախկինում հասանելի եղած տվյալները վերհանելու։

Տվյալների լրագրությունը իրականացնում է նաև քաղաքական գործիչների խոսքի վերահսկման գործառույթ։ Արևմտյան լրատվամիջոցները հետևում են քաղաքական առաջնորդների խոսքին և համեմատում են ամեն հաջորդ խոսքը նախկինում հնչածների հետ՝ բացահայտելով սուտը։ Ցավոք Հայաստանում այսօր մեծ է կարծիքով «խեղդված» լրագրության չափաբաժինը։ Կարծիքները տարածվում են և հետզհետե դառնում են փաստ․ մարդիկ սկսում են դրանց հավատալ առանց դրանք ստուգելու։ Կարծիքները կարող են շատ ուժեղ ազդեցություն թողնել, բայց չունեն համապատասխան հիմքեր։ Մեկօրյա կարծիքների հիման վրա ձևավորվում են ճշմարտություններ, որոնք հետզհետե բերում են իրականությունից կտրվելուն։ Հատկապես մեկուսացման պայմաններում մարդիկ կարծես ապրում են այլ մի իրականությունում, և շատ կարևոր է այս միտումը գիտակցելը։

Դիտեք նաև՝

Search