Play Video
Մշակութային կապիտալ. Աղասի Թադևոսյան

Ֆրանսիացի մշակութաբան, փիլիսոփա, սոցիոլոգ Պիեր Բուրդյեն առանձնացնում է կապիտալի երեք տեսակ. մշակութային, տնտեսական և սոցիալական կապիտալ: Տնտեսական կապիտալն այն տեսակն է, որը նյութական արժեքի տեսք ունի, կարելի է շրջանառության մեջ դնել և եկամուտ ստանալ:

Կապիտալի մյուս կարևոր ձևերից մեկը սոցիալական կապիտալն է. սա կապիտալի այն ձևն է, երբ մարդիկ կյանքի ընթացքում ձևավորում են որոշակի կապեր այլ մարդկանց հետ, որոնց միջոցով փորձում են ռեալիզացնել իրենց գործերը: Հաճախ իր սոցիալական այդ կապերը ճիշտ կազմակերպելու և դրանք հաջողությամբ շրջանառության մեջ դնելու արդյունքում մարդը կարողանում է ձևավորել նոր կապեր, որոնք նպաստում են նրա հասարակական կարգավիճակի բարձրացմանը: Սա հնարավորություն է տալիս մարդուն նաև որոշակի իշխանություն ձեռք բերել:

Պիեր Բուրդյո
Պիեր Բուրդյո

Կապիտալի երրորդ տեսակը մշակութայինն է. սա մարդու ունեցած ամենաառանցքային հարստություններից մեկն է, որը հնարավոր է շրջանառության մեջ դնել և ստանալ «եկամուտ»: Կապիտալի այս տեսակը կապվում է մարդու ունակությունների հետ, որը նա ունի ծնված օրվանից կամ ձևավորել է ամբողջ կյանքի ընթացքում տարբեր միջավայրերում ձեռք բերած փորձի միջոցով: Սա մարդու «մարմնի» մեջ կուտակված արժեքների համագումարն է:

Մշակութային կապիտալն իր հերթին բաժանվում է երեք տեսակների: Առաջինը մշակութային կապիտալի մարմնավորված տեսակն է: Եթե սոցիալական կամ նյութական կապիտալը որևէ կերպ փոխանցելի է, ապա մշակութային կապիտալ ձեռք բերելու համար մարդ պետք է անընդհատ աշխատանք տանի սեփական անձի և ունակությունների վրա:

Երկրորդը այդ մշակութային կապիտալի առարկայնացված տեսակն է: Այս դեպքում մարդը փորձում է հանրայնացնել իր անհատական մակարդակում կուտակված կապիտալի արդյունքը: Նա ստեղծում է որևէ նյութական արժեք, որն արդեն հնարավոր է փոխանակել կապիտալի այլ տեսակների հետ և ունենալ առարկայական եկամուտ:

14510-149460-1-PB

…Սակայն խնդիրն այստեղ այն է, որ մարդուն սկսում են դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ՝ միջոց: Մարդը վերածվում է տնտեսական կապիտալի վերարտադրումն ապահովող միջոցի: Այս դեպքում մենք կորցնում ենք մարդու արժեքը: Բայց երբ մարդուն դադարում ենք դիտել որպես օբյեկտ, այլ՝ սուբյեկտ, արդեն գործ ենք ունենում մշակութային կապիտալի հետ: Ինչու՞ եմ սա կարևորում, որովհետև տեսնում են, որ այսօր Հայաստանում ավելի շատ հակվածություն կա մարդուն օգտագործել իր կարողություններով (վճարելով դրա դիմաց), բայց չկարևորել մարդու մասնակցությունն ընդհանրապես արժեքների ձևավորման և վերարտադրման գործընթացներում:

Դիտեք նաև՝

Search