Անցած դարի 30-ականներին պարզվեց, որ տիեզերքում ամեն ինչ իրարից հեռանում է, այսինքն տեղի է ունենում տիեզերքի ընդարձակում, և որքան գալակտիկաները մեզանից հեռու են, այնքան ավելի մեծ է նրանց հեռացման արագությունը: Սա մի նորություն էր, որ պետք է դառնար օբյեկտների առաջացման նոր պատկերացումների հիմքը: Այս հայտնագործությունը կատարեց Էդվին Հաբլը, որի անունով գոյություն ունի երկրի շուրջը պտտվող դիտակ: Հաբլի հայտնագործությունից հետո որոշ գիտնականներ հանգեցին այն մտքին, որ ամեն ինչ սկսվում է շատ փոքր տեղից, ամեն ինչը սկզբում մի կետի մեջ էր, իսկ հետո սկսվել է ընդարձակումը: Մի անգլիացի աստղաֆիզիկոս, երբ առաջին անգամ լսեց այս միտքը, հետաքրքիր հայտարարություն արեց: Նա կատակով ասաց. «հա՜, մեծ ճայթյուն»: Պետք է ասել, որ 20-րդ դարի գիտական գրականության մեջ ամենից շատ հանդիպող տերմիններից մեկը հենց կատակով ասած այս արտահայտությունն է՝ big bang՝ մեծ պայթյուն: