Գեղագրությունն արվեստ է: Մինչ այսօր մենք չունենք գեղագրության՝ որպես արվեստի ուղղության մասին բավականաչափ նյութ: Գուցե, պատճառն այն է, որ մանրանկարչությունն ու գեղագրությունը հայ արվեստում փոխկապակցված են, և հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են մանրանկարին: Մանրանկարչությունն, այնուամենայնիվ, վերաբերում է տառը գեղեցկացնելուն, իսկ գեղագրությունն ուսումնասիրում է տառի ծավալը, ձևը, էսթետիկան: Գեղագրությունը եղել է հայկական դասական կրթության մի մասը, սակայն ժամանակի ընթացքում դուրս է մղվել կրթական համակարգից. գեղագրությունն ինդիվիդուալ արվեստ է և չէր համընկնում խորհրդային մշակութային գաղափարախոսության հետ: Կարևոր է վերանայել գեղագրության հանդեպ մեր մոտեցումները ոչ միայն արվեստի տեսակետից, այլև կրթական ոլորտում: Գեղագրությունը անմիջականորեն կապված է ընթերցանության և, համապատասխանաբար, երևակայության հետ, էապես նպաստում է երեխաների զարգացմանը:
Գեղագրության համար ամենաբարդ պահերից էր գնդիկավոր գրիչի ստեղծումը: Ի տարբերություն փետրավոր գրչի, այն թույլ չի տալիս տառի պլաստիկան ստանալ, և ուստի «սպանում» է գրելու արվեստը: