Play Video

Բլոկչեյնը ստեղծվել էր առանց միջնորդի էլեկտրոնային վճարման համակարգի աշխատանքի համար, և ժամանակի ընթացքում այն սկսեց դիտվել նաև այլ տեսանկյուններից: Որոշ մարդիկ հասկացան, որ այն օգտակար է ոչ միայն որևէ թվային արժեքի, այլև ցանկացած այլ տեղեկատվության փոխանցման համար: Եթե բիթքոինը և այլ կրիպտոարժույթները համարվում են բլոկչեյնի առաջին վերսիայի՝ բլոկչեյն 1.0-ի կիրառությունը, ապա Smart contract-ների ներկայացմամբ առաջ եկավ բլոկչեյն 2.0-ը՝ երկրորդ վերսիան:

Smart contract-ը («Խելացի պայմանագիր») ոչ թե պայմանագիր է, այլ կոդ, համակարգչային ծրագիր, որը ծրագրավորված է աշխատելու, երբ որոշակի պայմաններ բավարարված են: Այն կրիպտոարժույթների պես աշխատում է առանց միջնորդների և, ի տարբերություն ավանդական պայմանագրերի, վճարումը կատավրում է ի սկզբանե: Այս վճարումը մնում է Smart contract-ում՝ մինչև պայմանների իրականացումը, ինչից հետո ծրագիրը փոխանցում է դրամային միջոցները ծառայությունը մատուցողին կամ ապրանքը վաճառողին: Հակառակ դեպքում գումարն ավտոմատ կերպով հետ է փոխանցվում վճարողին: Սա հեշտացնում, արագացնում և էժանացնում է գործընթացները:

Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում առաջ բերվեց մի ամբողջ տնտեսություն, որովհետև ավանդական բիզնես հարաբերությունները և բիզնես մոդելները սկսեցին դիտարկվել նաև այլ տեսակետերից. առաջ բերվեցին համագործակցության ձևեր, որոնք ավելի վաղ անհնարին էին: Այդպիսի կիրառություններից մեկը և գլխավոր շարժիչը, որտեղ այսօր պտտվում է ամբողջ գումարը բլոկչեյն գաղափարի շուրջ, ICO-ներն են (Initial Coin Offering, նաև TGE – Token Generation Event). սա նախագծի Token-ների առաջնային ներկայացումն է հետագա սպառողներին:

ICO-ների գործընթացը նման է IPO-ների գործընթացին (Initial Public Offering), երբ արդեն հաստատված ընկերություններն առաջին անգամ իրենց բաժնետոմսերը ներկայացնում են բորսաներում: Այս գործընթացները նմանեցվել են, չնայած բավական մեծ տարբերություններին:

ICO-ների միջոցով որևէ պրոյեկտի հիմնադիրներ մանրամասն ներկայացնում են այն ապագա սպառողներին և խոստանում, որ այդ պրոյեկտում գործածվելու են որոշակի միավորներ՝ token-ներ, որոնց միջոցով հավաքագրվելու է գումար՝ պրոյեկտը ֆինանսավորելու համար:

Token-ը պրոյեկտում գործածվող վճարման միավորն է. այն որոշակի պարզ պայմանների շուրջ պայմանագիր է: Token-ները հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի՝  Utility Token-ներ, որոնք որոշակի օգտագործման նպատակ ունեն պրոյեկտի ներսում և ծառայում որպես ներքին վճարման միավոր, և Security Token-ներ, որոնք նման են պրոյեկտի բաժնեմասերի:

ICO-ների առաջ բերումով բլոկչեյնի շուրջ ստեղծվեց մի ամբողջ տնտեսություն. մինչև այսօր ICO-ների միջոցով պրոյեկների ֆինանսավորման գումարային չափն ավելի քան 20 մլրդ դոլար է:

Հայաստանում դեռ ICO-ի միջոցով ֆինանսավորում ստացած ընկերություն չկա, սակայն կա Շվեյցարիայում գրանցված և Հայաստանում աշխատող մի պրոյեկտ՝ Publiq, որն ավելի քան 2 մլն դոլար է հավաքագրել: Սա մի պլատֆորմ է, որտեղ կոնտենտի թողարկողները կարողանալու են մոտենիզացնել այս կոնտենտը՝ ուղղակիորեն համագործակցելով կարդացողի հետ:

Բլոկչեյնը հնարավորություն է տալիս լիովին այլ տեսանկյունից նայել բիզնեսին և համագործակցության մոդելներին, ինչի շնորհիվ մարդկանց մոտ իսկապես հետաքրքիր գաղափարներ են ծագում:

Բլոկչեյնի մասին շարքը պատրաստվել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

Դիտեք նաև՝

Search