Գիրքը և տեքստը մեր հույզերի ու մտքերի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ, կարող են կրթել, սովորեցնել ինչ-որ բան մեզ շրջապատող աշխարհի կամ ինքներս մեզ մասին։ Տեքստը նաև այս կամ այն հասարակության մեջ գոյություն ունեցող մշակութային կոդերն է փոխանցում։ Շատ դեպքերում երեխաներին դաստիարակող մեծահասակները՝ ծնողները, տատիկ-պապիկները, տեքստի, մասնավորապես՝ պատմվածքի, հեքիաթի կամ իրական պատմությունների միջոցով փորձում են ինչ-որ բան սովորեցնել։ Հենց այսպիսի տեքստերն են պարունակում այն մշակութային կոդերը, որ առկա են հասարակության մեջ։ Բացի դրանից տեքստը կարող է նաև ամոքիչ ազդեցություն ունենալ, և հենց այսպիսի՝ հատուկ ընտրված գրականության միջոցով մարդու վրա ազդեցությունն ընդունված է անվանել բիբլիոթերապիա։
Էքսպրեսիվ թերապիայի այս տեսակը սահմանելու շատ տարբեր փորձեր են եղել՝ սկսած 20-րդ դարի սկզբից։ Սակայն մեզ հայտնի և ավելի լայն ճանաչում գտած սահմանումը պատկանում է Քերոլայն Շրոդսին, որը դեռ 50-ականներին իր ատենախոսության շրջանակներում փորձել է մեկնաբանել, թե ինչ է բիբլիոթերապիան։ Արդեն 1966 թվականին բիբլիոթերապիան հայտնվում է բժշկագիտական բառարաններում՝ մեկնաբանվելով որպես կոգնիտիվ փոփոխություններին ուղղված՝ հատուկ գրականության միջոցով ազդեցության գործընթաց։
Սոցիալական աշխատանքի մասնագետ Վեդի Կապլանը, փորձելով սահմանել բիբլիոթերապիան և ցույց տալ դրա կարևորությունը սոցիալական աշխատանքում, հղում է Պոեզիայի ամերիկյան ասոցիացիայի կողմից առաջ քաշված սահմանմանը, համաձայն որի՝ դա բանավոր և գրավոր խոսքի, լեզվի, պատմվածքի և սիմվոլի միջոցով մարդկանց վրա ունեցած նպատակային ամոքիչ ազդեցությունն է, որը խթանում է նաև զարգացում։ Բիբլիոթերապիան ազդեցիկ և արդյունավետ գործիք է, որն այսօր կիրառվում է բազմաթիվ օգնող մասնագիտություններում, այդ թվում՝ նաև սոցիալական աշխատանքում՝ խթանելով ծառայությունից օգտվողի ներգրավվածությունը և առավելագույն մասնակցությունը թերապևտիկ գործընթացում։