Play Video
«ԱՅԲ» կրթահամալիր. Դավիթ Սահակյան

Ամբողջական կրթություն

«Այբ» դպրոցն ամբողջական կրթության միջավայր է: Համադրելով համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումները և հայ դպրության լավագույն ավանդները, առաջնորդվելով լավագույնը վերցնելու սկզբունքով` մենք հնարավորություն ենք ընձեռում աշակերտներին՝ լիարժեքորեն իրագործելու սեփական ներուժը և մրցունակ լինելու համաշխարհային կրթական դաշտում: «Այբ»-ի նպատակն է ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ (առաքինի) և առողջ անհատների, ովքեր ջանում են հասնել սեփական մտածողության, ապրումների և գործերի ներդաշնակության, ովքեր հետամուտ են ամբողջական լուծումների և տեսնում են սեփական ճիգերի, ձեռքբերումների, բացահայտումների իմաստն ընդհանուր պատկերի մեջ: Մենք կարևորում ենք, որ վաղ հասակից երեխան ոչ միայն ճանաչի և մտածի, այլև զգա գեղեցիկը և առողջ ապրի: «Այբ»-ի յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական ստեղծագործական-հետազոտական ծրագիրը, ինչը հնարավորություն է ընձեռում ստացած գիտելիքները գործնականորեն կիրառելու և սեփական բացահայտումներն իրականացնելու:

Ամբողջական կրթության սկզբունքի իրագործման համար մենք ապահովում ենք՝

գիտությունների, հումանիտար առարկաների և արվեստների համադրություն` ճկուն կրեդիտային համակարգի միջոցով.
ընտրովի առարկաների պատկառելի ցանկ.
խոսելու և գրելու (ինքնարտահայտման) կարողությունների զարգացում.
միջառարկայական սինխրոնացում և ծրագրահեն ուսուցում.
գեղեցիկի ճանաչողություն` արվեստների ուսուցմամբ.
ֆիզիկական կրթություն, սպորտ և առողջ ապրելակերպի դաստիարակություն.
ընդհանրացման կարողությունների զարգացում` աշխարհայացքային զրույցների միջոցով.
աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության ներդաշնակեցում` անհատական զրույցների միջոցով.
միջմշակութային երկխոսություն` փոխանակման ծրագրերի միջոցով.
հանրային շահի գիտակցման ձևավորում` թիմային ծրագրերի և հանրային աշխատանքների միջոցով։

banner_108

Խորացված կրթություն և ստեղծարարություն

«Այբ»-ը ստեղծագործ միջավայր է: Մենք ընձեռում ենք յուրաքանչյուր առարկա խորությամբ ուսումնասիրելու և ստեղծագործելու հնարավորություն` առանց կրթության համակողմանիության սկզբունքը խախտելու: Մենք ձգտում ենք առավել լայն բացելու մարդու ստեղծագործական ներուժը, օգնելու նրան դրսևորվել, հասնել օբյեկտիվ ինքնագնահատման և հաջողություններ արձանագրել իր նախընտրած առարկաների մեջ: Դպրոցը տալիս է լայն խորհրդատվություն` ապագա մասնագիտություն ընտրելու և առաջատար բուհեր ընդունվելու համար: «Այբ» ավագ դպրոցում ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից: Հիմնական առարկաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով, և յուրաքանչյուր աշակերտ պետք է ընտրի առնվազն երեք խորացված առարկա: Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը և աշակերտների խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը: Եզրափակիչ՝ 12-րդ տարում «Այբ»-ի աշակերտներին առաջարկվում են AP (Advanced Placement) դասընթացներ, որոնք կրեդիտավորվում են աշխարհի առաջատար բուհերում: Խորացված կրթության սկզբունքն իրագործելու համար մենք ապահովում ենք՝

հիմնական առարկաների խորացված մակարդակներ.
առարկայական խմբակներ.
ստեղծագործական ակումբներ.
AP դասընթացներ.
անհատական և խմբային ծրագրեր.
ինքնաներկայացման և մասնագիտական ընտրության խորհրդատվություն։

Արժեքներ

«Այբ»-ն արժեքներ հարգող և սերմանող միջավայր է: Մեր նպատակն է ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի: Սեփական արժեքների գիտակցումը և բարոյական սկզբունքների ձևավորումը միակ գրավականն է մարդու իրագործման և անհատ-հասարակություն արդյունավետ փոխհարաբերության: Որպես հայկական դպրոցի մոդել՝ մենք փորձում ենք վերակենսագործել սրբոց Թարգմանչաց գործը մեր օրերում և երբեք չենք առանձնացնում մեր ազգային-հոգևոր արժեքները համամարդկային համատեքստից: Սրբոց Թարգանչաց շարժման մեծագույն ավանդներից է համամարդկայինին հաղորդ լինելը, համամարդկայինը քոնը դարձնելը և քեզ մեծ պատկերի մեջ տեսնելը: Կրթության արժեքային հիմքը ապահովելու նպատակով մենք կազմակերպում ենք՝

աշխարհայացքային զրույցներ և քննարկումներ.
ուխտագնացություններ.
սոցիալական ակտիվ ություն և ծառայություն.
էկոլոգիայի և բնապահպանության միջոցառումներ.
փոխօգնության և փորձի փոխանակման «Այբապատում» ծրագիրը։

Համայնք

«Այբ»-ի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված մարդիկ են: Միավորելով կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու ցանկություն ունեցող մարդկանց` «Այբ»-ն այսօր աշխարհով մեկ սփռված վառ անհատների համայնք է, ովքեր պատասխանատվություն են ստանձնել՝ նոր սերնդին կրթությամբ իրագործվելու հնարավորություն տալու: Նրանց նյութական ներդրումների և ջանքերի, փորձառության և անցած ճանապարհի եզակիության շնորհիվ այսօր ստեղծվում է հայ նոր դպրության մի զարմանալի միջավայր իր բովանդակային, համակարգային, միջավայրային լուծումներով: Նրանց ներկայությունը դպրոցում անգնահատելի կերպարային ազդեցություն է թողնում աշակերտների վրա և տալիս կրթությամբ կայանալու և բարձունքների հասնելու վստահություն: «Այբ» դպրոցի ծրագրին մասնակից մարդկանց այս բացառիկ ցանցն այսօր գործում է նաև որպես մենտորական հզոր համակարգ, ուր ամեն մեկը, օգտագործելով իր գիտելիքը, փորձն ու կապերը, նպաստում է նոր տաղանդի բացահայտմանն ու զարգացմանը, այն համոզմամբ, որ կյանքում կայանալուց հետո նա էլ ձեռք կմեկնի իրենից հետո եկողներին: Համայնքի հետ աշակերտների կապն ամրապնդելու նպատակով կազմակերպում ենք՝

միջօրեի դասախոսություններ՝ անվանի մարդկանց ներկայացմամբ.
մենտոր-աշակերտ անհատական կապեր.
«Անկեղծության պահեր» ծրագիրը՝ հարցուպատասխանի ձևաչափով.
մշտական առցանց հաղորդակցություն.
կրթաթոշակների տրամադրում։

banner_109

Միջավայր

Կրթական միջավայրի նախագծումը նրբագույն խնդիր է: «Նոր գինին նոր տիկի մեջ» ավետարանական սկզբունքն արտահայտված է մեր ճարտարապետական լուծումներում: Երկար տարիներ աշխատելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի առաջատար ճարտարապետների ու գիտնականների հետ՝ մենք որոնել ենք այն գաղափարական միջավայրը, որը համահունչ է մեր կրթական փիլիսոփայությանը: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի կրթական տարածություն, որը համակում է ապագայի հասանելիության զգացումով, բացում մարդու ներուժը` տրամադրելով սովորելու և արարելու: «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի բացառիկ նախագծային լուծումները վերջնական մարմնավորման ենթարկեցին «Այբ»-ի կրթական գաղափարը: «Այբ» դպրոցը զինված ու համալրված է ստեղծագործ գաղափարների իրականացմանն անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի մեր աշակերտները համաքայլ ընթանան արագորեն զարգացող գիտությանը և իրական ժամանակում փորձարկեն ու բացահայտեն ստացած գիտելիքները: «Այբ» դպրոցն իր հարակից կրթական ավանով ունի և նախատեսում է՝

գեղեցիկ և ժամանակակից ճարտարապետական լուծումներ ու դիզայն.
տեխնոլոգիական բարձր հագեցածություն.
արձագանքող միջավայրային լուծումներ.
«խելամիտ» այգիներ` բնության և իմաստավորող տեխնոլոգիաների համադրմամբ։

Աշխատելու արվեստ և ընկերային պատասխանատվություն

Կյանքը ժամանակակից աշխարհում հնարավոր չէ պատկերացնել առանց աշխատանքի մշակույթի և պատասխանատվության զգացողության: «Այբ»-ը մի միջավայր է, ուր բոլորը սիրում են աշխատել և սովորում են կառավարել սեփական ժամանակը: Մենք վաղ հասակից սովորեցնում ենք երեխաներին առաջնորդվել ոչ թե հրամաններով, այլ ներքին պատասխանատվությամբ:

Դիտեք նաև՝

Search