Ցեղասպանությունը քաղաքական հանցագործություն է, սակայն այն ծնվում է մարդկանց ուղեղներում, կազմակերպվում է մարդկանց կողմից, և ի վերջո հասարակ սպանությունները նույնպես իրականացվում են մարդկանց կողմից: Այդ պատճառով շատ կարևոր է հասկանալ՝ ով են այն մարդիկ, որոնք ներգրավվում են սպանության գործընթացի մեջ: Ինչպե՞ս է ստացվում, որ սովորական, հասարակ մարդը, որ ամեն օր ապրում էր զոհի կողքին, հանկարծ մի օր վերածվում է ոճրագործի և մտնում է այդ հսկայական գործընթացի մեջ, որ կոչվում է ցեղասպանություն:
Զանգվածային ցողասպանությունները՝ Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, Կամբոջայի ցեղասպանությունը, հսկայական մարդկային մասնակցություն են պահանջում, հսկայական զանգվածներ են ներգրավվում այդ գործընթացին և իրականացնում են սպանություններ: Օրինակ՝ Հայոց կամ Ռուանդայի ցեղասպանությունների պարագայում, երբ սպանություններն իրականացվում էին «նախնադարյան» սպանությունների ձևով՝ դեմ առ դեմ սպանությունների, սառը զենքերով սպանությունների միջոցով, մասնակցությունն ավելի մեծ պետք է լինի:
1919թ-ին Պոլսի օկուպացիոն ռեժիմի փոխհրամանատար Վեբը մի արտահայտություն է անում. «Եթե փորձենք գտնել այն հանցագործներին, որոնք իրականացրին հայերի բնաջնջումը, ապա պետք է դատաստանի առաջ կանգնեցնենք ամբողջ թուրք բնակչությանը»: Բայց այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ մարդ արարածը այդքան էլ հեշտ չէ գնում սպանության և սպանելու գործընթացը դժվար գործընթաց է: Պետք է հասկանալ, որ որպեսզի մարդը դառնա այդ սպանող էակը, այդ սպանող մեքենան, պետք է որոշակի գործընթաց տեղի ունենա: Այդ գործընթացը կազմակերպում, ղեկավարում և ծրագրում է պետությունը: