Play Video
Հայ-վրացական պատմագիտական երկխոսության ճանապարհին | Հարություն Խուդանյան

Հայ-վրացական համակեցությունը մոտ 2500 տարվա պատմություն ունի՝ դաշինքի, համագործակցության և փոխազդեցության շրջաններով: Համակեցությունը սկսվում է Աքեմենյան շրջանից, որից, սակայն, գրավոր տեղեկություններ չկան: Առաջին անգամ գրավոր սկզբնաղբյուրները հայտնվում են հելլենիստական ժամանակաշրջանում: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերից պարզվել է, որ այդ ընթացքում շփումներ են եղել Մեծ Հայքի ու Վիրքի միջև, և սահմանային փոփոխությունները հաճախակի բնույթ են կրել:
Չորրորդ դարում՝ քրիստոնեության ընդունումից հետո, հայերի ու վրացիների շփումն ավելի մեծացավ: Ընդհանուր եկեղեցին, որը գոյություն ուներ մինչև 608-609 թվականները, շատ մեծ ազդեցություն ուներ երկու ժողովուրդների փոխհարաբերությունների վրա, իսկ հարաբերությունների վերջնական խզումը տեղի ունեցավ 8-րդ դարում:
12-13-րդ դարերում՝ Զաքարյան իշխանապետության շրջանում, երբ Վրաստանը դարձավ ամբողջ Այսրկովկասի գերպետությունը, երկրում հայկական իշխանապետություն ստեղծվեց: Այս ընթացքում բազմաթիվ պատմամշակութային արժեքներ են ստեղծվել՝ եկեղեցիներ, վանական համալիրներ: Բացի այդ, Լոռվա հյուսիսային հատվածում հայկական առաքելական եկեղեցիները վերաօծվեցին որպես քաղկեդոնական, և մի շարք նոր քաղկեդոնական եկեղեցիներ կառուցվեցին, որոնք գործում էին վրաց եկեղեցու իրավասության ներքո:
Հետագա պատմական ժամանակաշրջանը դաժան էր երկու ժողովուրդների համար. մոնղոլական արշավանքներ, թյուրքական ցեղերի ներխուժում Հայաստան, կարա-կոյունլուների և աղ-կոյունլուների շրջան, պարսկական և օսմանյան տիրապետություն, որի ժամանակ վրաց իշխանները և թագավորները սովորաբար ավելի բարեհաճ են գտնվել հայ բնակչության նկատմամբ, և հայերը կարողացել են իրենց տեղն ու դերն ունենալ վրացական պետությունում՝ որպես այդ երկրի քաղաքացիներ:
1801 թվականին վրացական պետությունը միացվեց Ռուսաստանին ու դադարեց գոյություն ունենալ, իսկ 1828 թվականին ստեղծվեց Հայկական մարզը, երբ ռուսական զորքերը պարսիկներից գրավեցին Արևելյան Հայաստանի մեծ հատվածը՝ ստեղծելով վարչական այդ միավորը: Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո երկու երկրները վերագտան իրենց անկախությունը:
19-րդ դարի վերջից սկսած հայ և վրացի հետազոտողները սկսել են ուսումնասիրել երկրների պատմամշակութային ժառանգությունը: Այս ընթացքում մեծ դեր են ունեցել Նիկողայոս Մառը, Հովսեփ Օրբելին, Նիկողայոս Ադոնցը, ովքեր փորձում էին զերծ մնալ ազգայնական ու քաղաքական ազդեցություններից:
1920-1921 թվականներին՝ խորհրդայնացման ժամանակ, նոր հայեցակարգերով պատմագիտական նոր դպրոցներ ստեղծվեցին: Խորհրդային շրջանի ցենզուրան (գրաքննություն) թույլ չէր տալիս մասնագետներին համարձակ ու կարևոր եզրակացություններ անել: Այնուամենայնիվ, խորհրդային ժամանակներում պատմագետների նոր դպրոց ձևավորվեց, որոնք համագործակցում էին միմյանց հետ ու գիտաժողովների մասնակցում տարբեր երկրներում: ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց կապերն ընդհատվեցին, քանի որ երկու երկրներն ապրում էին սոցիալ-տնտեսական և քաղաքական բարդ ժամանակաշրջանում:
Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո տարբեր գիտաժողովներ, ամառային դպրոցներ էին կազմակերպվում, որոնց մասնացկում էին նաև հայ մասնագետները, ինչի շնորհիվ վերահաստատվեց նրանց շփումը:
Այժմ հայ մասնագետները մասնակցում են Վրաստանի պետական համալսարանի և Ջանաշիայի անվան պետական թանգարանի կազմակերպած գիտաժողովներին ու միջոցառումներին: Վերջին շրջանում ակտիվացել են նաև վրացի մասնագետների այցելությունները Հայաստան: Անցած տարի սկիզբ դրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանում վրացական գրականության սեգմենտի ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվում են մինչ օրս:

Դիտեք նաև՝

Search