Play Video
Երեխաների պաշտպանություն. բռնություն և իրավունք. Աիդա Մուրադյան

Երեխաների նկատմամբ բռնության մի քանի տեսակ կա՝ հոգեբանական, սեռական, ֆիզիկական և երեխայի անտեսում:  Հոգեբանական բռնությունը վիրավորանքն է, արտահայտչամիջոցներով երեխայի նվաստացումը, ինչին հաճախ ենք ականատես լինում մեր իրականության մեջ: Սեռական բռնությունը երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունն է: Ֆիզիկական բռնությունը երեխայի նկատմամբ կիրառվող ծեծն է, պատիժը, հասցված մարմնական վնասվածքները և այլն: Երեխայի անտեսումն իրենից ներկայացնում է երեխայի կենսական կարիքների բավարարման համար պատասխանատու անձանց կողմից համապատասխան գործողություններ չկատարելը, օր.՝ երբ ծնողները կամ երեխայի օրինական այլ ներկայացուցիչներ չեն ապահովում երեխային սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, ինչի արդյունքում երեխան հայտնվում է անպաշտպան և ոչ բարենպաստ վիճակում:

Մեր պետությունը, հիմք ընդունելով Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և ներպետական օրենսդրությունը, ձևավորել է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ, որն իրենից ենթադրում է հետևյալը. առաջնային օղակում խնամակալության և հոգաբարձության մարմիններն են, որոնք իրենց կից ունեն հանձնաժողովներ: Մարզային մակարդակում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններն են: Ամենավերին՝ ազգային մակարդակում, երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովն է, որն էլ մշակում է քաղաքականությունը:

2015 թ-ին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ՀՀ մարզերում իրականացված հետազոտությունը վկայում է, որ Հայաստանում յուրաքանչյուր 10 երեխայից 7-ը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։ Դա այն դեպքում, երբ հարցված ծնողների 67 տոկոսը գտնում է, որ երեխաները չպետք է ենթարկվեն բռնության որևէ պարագայում: Այստեղից մի պարզ հետևության կարելի է անել, որ ծնողները պարզապես չգիտեն, թե ինչ դրական դաստիարակչական մեթոդներ կարող են կիրառել: Մեկ այլ խնդիր ևս կա. մեր հասարակությունը չունի բռնության նկատմամբ ձևավորված բացասական վերաբերմունք:

Բռնության պատճառները տարբեր են: Հետազոտությունները փաստում են, որ տնտեսապես և սոցիալապես աղքատ երկրներում և աղքատ ընտանիքներում բռնության մակարդակը շատ ավելի բարձր է, քանի որ այդտեղ շատ են և՛ սթրեսները, և՛ վարքային շեղումները…

Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ մեր հասարակության տարբեր շերտերի համար դեռևս նորմալ երևույթ է երեխային ծեծելը, հատկապես եթե դա անում է ծնողը, երեխային վիրավորելը, քանի որ կա շատ ընդունված մի խոսք՝ «իր երեխան է, ինչ ուզում է, անում է իր երեխայի հետ»: Սրա հանդեպ պետք է անհանդուրժողական վերաբերմունք ձևավորվի հասարակության մեջ…

Պետական մակարդակով դրական ծնողավարման հմտությունների ինստիտուցիոնալիզացման կարիք ունենք, որովհետև ամենաբարդ մասնագիտությունը ծնող լինելն է, սակայն դա ոչ մի տեղ չեն սովորեցնում: Վորլդ Վիժն Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ երբ ծնողին ես փոխանցում դրական ծնողավարման մեթոդներ, որոնցով ինքը կարող է նույն խնդիրը լուծել առանց երեխային բռնության ենթարկելու, նա, բնականաբար, հաճույքով վերցնում և կիրառում է, քանի որ ոչ մի ծնող չի երազում իր երեխային ծեծել կամ ցավ պատճառել…

Դիտեք նաև՝

Search