Play Video
«Աշխարհը կարելի է հասկանալ, ճանաչել և փոխել» կամ «Ստեղծագործ ավերում». Հայկ Կոնջորյան

Սրանից ուղիղ 220 տարի առաջ փարիզցիները հավաքվել էին Նոտր Դամում ու նշում էին բանականության փառատոնը: Փարիզի օպերայի դերասանուհիները ազատության և բանականության կերպարանքով քայլում էին փողոցներում, իսկ ամբոխը անմիջապես եկեղեցու նվագախմբի կողքին արհեստական լեռ էր կառուցել, որի գագաթին գրված էր. «Նվիրվում է բանականությանը և ազատությանը»:
Թատերականացված այս ներկայացումը արտացոլում էր լուսավորականության դարաշրջանի կարևորագույն երկու սկզբունքները. «Բանականություն և ազատություն»: Նոր ժամանակների կամ լուսավորականության շարժման կարևորագույն դրույթը հետևյալն էր. «Աշխարհը կարելի է հասկանալ, ճանաչել և փոխել»:

…17-18-րդ դարում՝ հատկապես Անգլիայում, իսկ հետո նաև Ֆրանսիայում, մի շարք սրճարաններ և փաբեր դարձան նոր ժամանակների գիտելիքի ու գաղափարների գեներացման ու շրջանառման միջավայրեր: Բազմաթիվ սրճարաններում կամ փաբերում տեղի էին ունենում հանրային դասախոսություններ, էքսպերիմենտներ, քննարկումներ և այլն: Օրինակ՝ Լոնդոնում մի փաբ կար (Marine Pub), որտեղ մարդիկ կարող էին լսել Նյուտոնի տեսության մասին դասախոսություններ: Ստեղծվում է մի պատկեր, երբ փաբերը դառնում են գիտելիքի արդիականացման, գիտելիքի գործնական կիրառության նոր միջավայրեր:

Սրճարաններում հաճախ հավաքվում էին գիտելիք ունեցող մարդիկ, որոնց շուրջ խմբվում էին գիտելիքի կարիք ունեցող մարդիկ: Այս ամենը նմանվում էր ժամանակակից էքսպոներին: Կարելի է ասել, որ 18-րդ դարում անգլիական փաբերում գիտելիքի էքսպոներ էին կազմակերպվում: Հետագայում սրանք ստանալու էին Penny University անվանումը, որը բառացի թարգմանաբար նշանակում է «կոպեկ(անոց) համալսարաններ»:

1780 թ.-ին Ժոսեֆ Փրիսթլին ստեղծեց մի սրճարան, որն անվանեց «Փիլիսոփայական ընկերակցություն»: Այստեղ հավաքվում էին ժամանակի Լոնդոնի մտավոր էլիտայի մի շարք ներկայացուցիչներ ու քննարկում քաղաքականությանը, սոցիալական կյանքին, տնտեսությանը վերաբերող տարբեր փիլիսոփայական հարցեր: Եվ սա, ըստ էության, դառնում էր այլընտրանք օրինակ՝ «Արքայական ընկերակցությանը», որտեղ արգելվում էր կանանց մուտքը, այստեղ հավաքվում էր քաղաքականապես պասիվ զանգված և կային բազմաթիվ սահմանափակումներ: Սրճարաններում և փաբերում այս սահմանափակումները չկային: Այս տարածքները դառնում են ինտելեկտուալ այլընտրանք ակադեմիաներին:

Լուսավորության ժամանակաշրջանում հասարակության մտավոր ընտրախավը կատարեց մի աշխատանք, որը որոշ հետազոտողներ անվանում են «Ստեղծագործ ավերում»: Այսինքն՝ հին կարգը կործանվում էր, բայց զուգահեռաբար ստեղծվում էր նորը: Սա կոչվում է ստեղծագործ ավերումի գործընթաց, այսինքն՝ ես ավերում եմ, բայց զուգահեռաբար նաև ստեղծում եմ:

Դիտեք նաև՝

Search