Play Video
Ընթերցասիրություն խթանող կանանց պատմությունը | Ալինա Դաքեսյան

Լիբանանի Անջար քաղաքում գործում է ABC Book Club Lebanon ակումբը, որը հիմնել է Ալինա Դաքեսյանն իր չորս ընկերուհու հետ: Կանայք հանդիպում են երկու շաբաթը մեկ, գրքեր ընթերցում և քննարկում դրանք:
Առաջին գիրքը, որը միասին ընթերցեցին ակումբի անդամները, բրիտանաբնակ թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպն է (Bastard Of Istanbul): Ակումբի անդամները որևէ գիրք ընթերցելուց առաջ նախապես ուսումնասիրում են հեղինակի կենսագրությունն ու գրքի վերաբերյալ տեսանյութեր դիտում: Սովորաբար ակումբի անդամներն ընթերցում են որևէ գրքի 3-5 գլուխ, այնուհետև հանդիպումների ժամանակ քննարկում են դրանք:
Գրքի ընթերցանությունն ավարտելուց հետո ակումբի անդամները գրախոսություն են գրում: Ակումբի գործունեության սկզբում անդամներն ուղղակի գրի էին առնում գրքից ստացած իրենց տպավորությունները, սակայն ժամանակի ընթացքում տեքստերի որակը փոխվեց. ռեվյուները գնալով ավելի մասնագիտական ու վերլուծական են դառնում:

ABC Book Club Lebanon-ը փակ ակումբ է. այնտեղ կա ընդամենը հինգ անդամ: Այս հինգ կանանցից չորսը ուսուցիչներ են, մեկը՝ ճարտարապետ: Ակումբի հանդիպումներն անցկացվում են անդամների բնակարաններում՝ որոշակի հերթականությամբ:
Երբեմն ակումբի անդամները հանդիպում են իրենց ընթերցած գրքերի հեղինակների հետ: Այսպես, մի անգամ կանայք հանդիպում կազմակերպեցին ժամանակակից հայ գրող Մինաս Թաջիրյանի հետ, որի ընթացքում ընթերցեցին իրենց ռեվյուները հեղինակի գրքի մասին, ինչը շատ հուզիչ էր վերջինիս համար:


Տիկին Դաքեսյանի խոսքով, այն ժամանակ, երբ իրենք իրարից առանձին էին գրքեր կարդում, ընթերցանությունը չուներ այն ազդեցությունը, որն ունեցավ ակումբի ստեղծումից հետո, քանի որ միասին ընթերցելը, ընկալելն ու քննարկելը նոր երանգներ է հաղորդում ցանկացած ստեղծագործության:


Տարին մեկ ակումբը ձեռնարկներ է թողարկում, որոնցից առաջինը նվիրվել է ժամանակակից հայ գրող Նենսի Գրիգորյանին: Ակումբի անդամների կարծիքով՝ իրենց ստեղծած ձեռնարկներն ավելի մտերմիկ են, քան դասական ձեռնարկները: Աշխատությունների շնորհանդեսը տեղի է ունենում տիկին Դաքեսյանի տան պարտեզում, որտեղ միջոցառման պաշտոնական մասից հետո հյուրերը, հեղինակն ու վարողը գինու շուրջ քննարկում են գիրքը և այն գրելու վերաբերյալ հարցեր:


Այս պահի դրությամբ ABC Book Club Lebanon ակումբը թողարկել է վեց ձեռնարկ, որոնցից անդամներն ամենաշատը կարևորում են աուտիզմին նվիրված ձեռնարկը: Նրանք կարդացել են մի գիրք աուտիզմ ունեցող տղայի մասին ու ցանկացել են իրազեկել աուտիզմի մասին: Այս նպատակով ակումբը չորս զեկուցող հրավիրեց, որոնցից առաջինն ընդհանուր տեսական տեղեկություններ ներկայացրեց աուտիզմի մասին, երկրորդը խոսեց ներառական դպրոցների դրական ու բացասական կողմերի, աշակերների և ուսուցիչների դժվարությունների մասին: Երրորդ զեկուցողը Shadow teacher էր («ստվերային» ուսուցիչ՝ մասնագետ, որը դասերի ժամանակ առանձին աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխայի հետ), որն աշխատում է աուտիզմ ունեցող երեխայի հետ և որը կիսվեց իր փորձով: Չորրորդ զեկուցողը նույնպես «ստվերային» ուսուցիչ էր, որը կարդացել էր քննարկվող գիրքն ու կիսվել դրա հետ կապված իր փորձով:
Միջոցառմանը ներկա էին աուտիզմ ունեցող մի երեխայի ծնողներ, որոնց համար հաճելի ու հետաքրքիր էր շփվել ու մասնակցել քննարկմանը, խորհուրդներ ստանալ ուսուցիչներից ու մյուս զեկուցողներից:


ABC Book Club Lebanon ակումբի անդամները կարևորում են Women’s empowerment-ը (Կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում), և այս պատճառով փորձում են ընթերցել կին հեղինակների ստեղծագործություններն ու որպես զեկուցող հրավիրել կանանց:
Ընդհանուր առմամբ, ակումբի անդամների գործունեության կենտրոնում են կանայք ու երեխաները: Նպատակներից մեկն այն է, որ երեխաներն ավելի շատ գիրք կարդան, որին հասնելու համար կազմակերպվում են պատմողական միջոցառումներ: Ակումբը գրքեր է ուղարկում ամառային ճամբարներ, որտեղ հաճախում է 6-12 տարեկան 60-70 երեխա:
Երեխաների հետ ընթերցանությունն ուղեկցվում է պաստառներով, համապատասխան ձայնային էֆեկտներով ու կոստյումներով՝ ներկայացվող նյութն ավելի պատկերավոր ու ընկալելի դարձնելու համար: Գիրքն ընթերցելուց հետո երեխաների հետ անցկացվում են տարբեր միջոցառումներ (ավելի մեծ երեխաները գրում են որևէ գրքի՝ իրենց պատկերացրած կամ ցանկացած ավարտը, իսկ փոքրերը նկարում են հերոսներին), ինչի նպատակը երեխաների քննադատական մտածողությունը զարգացնելն է:
Ակումբն ընթերցանություններ է կազմակերպում հիմնականում հայ երեխաների հետ, սակայն նրանց նպատակներից է նաև լիբանանցի երեխաների հետ անգլերեն կամ արաբերեն լեզուներով միջոցառումներ անցկացնելը, որոնց շրջանակում նախատեսվում է ներկայացնել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:


Ակումբի անդամներն ուղեկցում են գրքերի ընթերցանությունն այն երկրների ճաշատեսակներով, որոնցում տեղի են ունենում այդ գրքերի գործողությունները, ինչպես նաև դիտում այդ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը:


Ընթերցանական ակումբի անդամների երազանքներից մեկն ակումբի միջոցով Հայաստանի հետ կապ հաստատելն ու Հայաստանում գործող նմանատիպ ակումբների հետ համագործակցելն է:

Դիտեք նաև՝

Search