Եռաչափ գրաֆիկան իր մեջ համատեղում է թե՛ տեխնիկական բաղադրիչ, թե՛ նկարչական մանրուքներ` կոմպոզիցիա, գույն, լույսի դասավորվածություն: Դրա շնորհիվ` եռաչափ գրաֆիկայի հիմնական առավելություններից է ոլորտների բազմազանությունը` ինժեներությունից մինչև կինո և խաղեր:
Ոլորտներից առաջինը տեխնիկականն է, որտեղ պատրաստվում են ճշգրիտ մոդելներ, որոնք հետագայում դառնում են իրական սարքեր: Դրանք կարող են օգտագործվել տարբեր տեխնոլոգիական ոլորտներում, օրինակ` եռաչափ տպագրության մեջ. այժմ նույնիսկ տիեզերանավ է հնարավոր տպագրել եռաչափ տեխնոլոգիայի միջոցով: Տարածված է նաև եռաչափ սկանավորման մեթոդը, որի շնորհիվ, օրինակ, ստեղծվում են վիրտուալ թանգարաններ, և մարդիկ հնարավորություն են ստանում իրենց բնակարաններում գտնվելով` այցելել աշխարհահռչակ թանգարաններ:
Մյուս ոլորտներն ավելի ստեղծագործական են, չնայած այստեղ նույնպես շատ տեխնիկական մանրուքներ կան: Առհասարակ, եռաչափ գրաֆիկայում պետք է բալանսավորվեն ստեղծարար մոտեցումները և տեխնիկական գիտելիքները: Կախված ոլորտից` կարող է կենտրոնական դերում լինել ծրագրավորման բաղադրիչը, և հակառակը` ավելի կարևոր լինի ստեղծագործական աշխատանքը, իսկ տեխնիկական բաղադրիչը նվազագույնի հասցված լինի: