Օրգանական գյուղատնտեսության և դրա կարևորության մասին խոսելուց առաջ նախ հասկանանք՝ ինչ է այն:
Օրգանական գյուղատնտեսությունն արտադրության կառավարման միասնական համակարգ է, որը խթանում և ամրապնդում է առողջ ագրոէկոհամակարգը, այդ թվում՝ կենսաբազմազանությունը, կենսաբանական շրջափուլերը և հողի կենսաբանական ակտիվությունը։
Բացի այդ, չի թույլատրվում քիմիական, սինթետիկ պարարտանյութերի, արհեստական հավելանյութերի, վնասակար հակաբիոտիկների, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործումն արտադրության որևէ փուլում։
Այլ կերպ ասած՝ օրգանական գյուղատնտեսությունը ենթադրում է գյուղատնտեսական գործունեության ծավալում բնության հետ ներդաշնակ՝ հաշվի առնելով բոլոր տարրերի (հող, ջուր, կենդանիներ, բնակլիմայական պայմաններ) փոխկապակցվածությունը։
Խոսելով օրգանական գյուղատնտեսության կարևորության մասին՝ առանձնացնենք 4 կարևոր կետեր։ Սկսենք ֆինանսական դրդապատճառներից:
1․ Ֆերմերային տնտեսությունները, հատկապես՝ փոքր և միջին, 1 միավոր մակերեսից կարողանում են ստեղծել բարձրարժեք արտադրանք։
Այս խնդրի կարևորությունը բխում է այն հանգամանքից, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտը շատ մասնատված է։ Սա պայմանավորված է այն փաստով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորվել են մեծ քանակությամբ փոքր և միջին ֆերմերային տնտեսություններ, որոնց տնօրինած միջին հողակտորի չափը կազմում է 1,5 հա: Հետևաբար, ունենք մեծ քանակությամբ փոքր և միջին ֆերմերային տնտեսություններ, որոնք աշխատում են մեծ հաստատուն ծախսերով, որոնցով դժվար է մրցակցել մեծ տնտեսությունների հետ։ Այս խնդրի լուծումներից մեկը կարող է լինել օրգանական գյուղատնտեսությունը, որի շնորհիվ մեկ միավոր մակերեսից հնարավոր է ստանալ ավելի բարձրարժեք կուլտուրաներ։ Այդպես, օրինակ, եթե մենք մշակում ենք մորի, օրգանականի պարագայում մենք կկարողանանք այն վաճառել ավելի բարձր գնով, քանի որ այն զերծ է որևէ քիմիական հավելանյութերից և սինթետիկ պարարտանյութերից, ուստի նաև ավելի օգտակար է օրգանիզմի համար։
Հարկ է նշել, որ օրգանական արտադրանքը միշտ չէ, որ ավելի թանկ է վաճառվում շուկայում։ Երբեմն այն ունի նույն գինը, երբեմն նույնիսկ՝ ավելից ցածր գին, քան ավանդական ճանապարհով ստացված արտադրանքը։ Այստեղ գործում է մասշտաբի էֆեկտը. եթե շուկայում կան արտադրողներ կամ արտադրողների խումբ, որոնք կարողանում են բավարարել շուկայի պահանջարկը, դրա շնորհիվ գինը կարող է նվազել և հասանելի դառնալ ավելի լայն հանրությանը։
2․Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ օրգանական գյուղատնտեսությունը պահպանում է հողի որակը։
Ավանդական գյուղատնտեսության պարագայում չկանոնակարգված հողօգտագործման, մշակման ձևի փոփոխության, գերմշակության, գերարածեցման, անտառահատումների, ինչպես նաև տարիներ շարունակ ինտենսիվ մակերեսային ոռոգման և հեղեղումների հետևանքով հողերը ենթարկվում են դեգրադացման, այն է՝ որակական հատկությունների շարունակական անկման։
Կանոնակարգաված և ճիշտ կազմակերպված մշակության մեթոդաբանության շնորհիվ կարողանում ենք պահպանել հողի որակը՝ օգտագործելով օրգանական պարարտանյութեր, ինչը ավանդական գյուղատնտեսության պարագայում շատ ավելի դժվար է, քանի որ շատ ֆերմերներ իրենց տնտեսություններում օգտագործում են հանքային պարարտանյութեր, որոնց չափաբաժինները չեն կանոնակարգվում։ Որպես օրինակ կարող ենք նշել ազոտական պարարտանյութի հետ կապված խնդիրը, երբ ֆերմերներն անհրաժեշտ պայմանական 2 պարկ պարարտանյութի փոխարեն օգտագործում են 4 պարկ պարարտանյութ՝ դրանով ակնկալելով ավելի լավ բերքատվություն։ Սակայն միևնույն ժամանակ չեն գիտակցում այն հանգամանքը, որ դրա շնորհիվ վերջնական արտադրանքի մեջ կուտակվում են նիտրատներ, և դրանց օգտագործումը մեծ քանակությամբ կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
Չկանոնակարգված հողի օգտագործման պարագայում առաջանում է հողի դեգրադացիա, որը երկար ժամկետում բերում է մեծ խնդիրների։ Ֆերմերը, լավ բերք ստանալու համար ստիպված լինելով ամեն տարի վերականգնել հողի որակը, ավելի ու ավելի մեծ ջանքեր է սկսում գործադրել այդ հողի վրա։ Իսկ օրգանական գյուղատնտեսության պարագայում, թեև ֆերմերը սկզբնական շրջանում մի փոքր ավելի է վճարում օրգանական պարարտանյութի համար, կայուն է պահում իր տնտեսությունը և տարիներ անց ստիպված չի լինում մեծ գումարներ վճարել հողի որակը վերականգնելու համար։
3․ Երրորդ կարևոր կետն օրգանական շուկան է:
Օրգանական գյուղատնտեսական մթերքի համաշխարհային շուկան վերջին տարիներին բավական մեծ աճի տեմպեր է գրանցում, որը նկատվում է նաև Հայաստանում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել սննդի որակին։
Բացի այդ, մեծ տնտեսությունները, կենտրոնանալով քանակային արտադրության վրա, շատ դեպքերում սննդի որակական ու համային հատկանիշները մղում են երկրորդական պլան։ Արդյունքում որակի և համի պահպահման կողմնակիցների հետաքրքրությունը ուղղորդում է օրգանական գյուղատնտեսեսության դաշտ։
Համաձայն FiBL Օրգանական գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի կողմից 2018 թվականին հրապարակված ուսումնասիրության՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում առկա են 2,7 մլն օրգանական ֆերմերներային տնտեսույթյուններ, որոնք ընդհանուր առմամբ մշակում են 57 մլն հեկտար տարածք։ Բացի այդ, համաշխարհային օրգանական սննդամթերքի շուկան գնահատվում է ավելի քան 80 մլրդ եվրո, որի առաջատարներն են ԱՄՆ և Եվրոպական Միության օրգանական շուկաները։
4․ Չորրորդ կարևոր կետն այն է, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտը վերահսկելի է։
Համաձայն ՀՀ օրգականական գյուղատնտեսության մասին օրենքի՝ օրգանական կարող են համարվել այն արտադրանքները, որոնք արտադրվել կամ մշակվել են օրգանական սերտիֆիկատ ունեցող տնտեսությունների կողմից։ Վերջինս տրամադրվում է միջազգային ակրեդիտաացիա ունեցող կառույցի կողմից։ Նման մի կառույց մենք ունենք Հայաստանում («Էկոգլոբ»), որը թույլ է տալիս տեղական օրգանական արտադրողներին վարել իրենց տնտեսությունը և ոչ շատ մեծ ծախսերով ձեռք բերել օրգանական սերտիֆիկատ։
Կարող ենք ասել, որ մենք ունենք բոլոր նախադրյալները Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար։
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու շնորհիվ կշահի թե՛ ֆերմերը, թե՛ սպառողը և թե՛ բնությունը։
Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ