Մարդկային մտքի պատմության մասին տարածված ընկալումներից մեկն այն է, որ հին աշխարհում մարդկությունն ունեցել է ավելի քիչ գիտելիք և փորձ, իսկ այնուհետև` այդ գիտելիքի ու փորձի հարստացմանը զուգահեռ, զարգացել են նաև մարդիկ, մշակույթը, քաղաքակրթությունը, գիտությունները: Էդվարդ Աթայանն առաջարկում է մեկ այլ պատկերացում` «հները իմաստուն են նորերից այնքան, որքան նորերը խելացի են հներից»: Նա ի նկատի ունի, որ աշխարհաճանաչողության մեջ հների հայացքն ուղղված է ամբողջին, ամբողջական պատկերին: Այստեղից` այդ լիարժեքության ու ինքնաբավության զգացողությունը հին աշխարհի մշակույթին առնչվելիս: Այստեղից` նաև հին աշխարհում մասնավոր, պատճառահետևանքային կապերով օժտված գիտելիքի բացը: Իսկ ի՞նչ է անում խելացին: Խելացին մասնատում է: Մարդկային մտքի պատմության ընթացքում հարցերն անընդհատ մասնավորեցվում են: Փիլիսոփայության պատմության մեջ դրա արտահայտումն է անցումը օբյեկտիվ արտաքին աշխարհի ճանաչողությունից դեպի սեփական գիտակցության մեջ այդ աշխարհի արտացոլումը ճանաչելը, իսկ այնուհետև, անցումը գիտակցության մեջ արտացոլված աշխարհի ճանաչումից դեպի լեզվի մեջ դրա արտահայտման ճանաչումը:
Աթայանի մոտեցումները, ունենալով շատ նմանություններ Հեգելի հետ, միաժամանակ նաև տարբերվում են հեգելյան հայտնի դիալեկտիկայից, որտեղ կա թեզ, հակաթեզ և սինթեզ` հայտնի եռանդամություն` երկու բևեռները և դրանց բովանդակողը: Աթայանի համար գերակա նշանակություն է ստանում «կենտրոն» հասկացությունը: Այսինքն` նրա աշխատանքներում տեղ գտած բևեռների` իմաստության-խելացիության, անազատության դրսևորումներ անհրաժեշտության-պատահականության կոնտեքստում անհրաժեշտությունից դուրս պրծնելու կամ պատահականությունից կառուցվելու մղումը ստեղծում է ակտուալ ազատության միջավայր: Այս կենտրոնական վիճակը ևս մեկ անդամ է համակարգի, որն արդեն քառանդամություն է դառնում: Հենց այս կենտրոնական վիճակն է թույլ տալիս ներքինում արժևորել ազատությունը` արտաքին անազատությունից ճնշված:
Աթայանն ինքը ցուցադրում է այդ ներքին ազատությունը. նա երբեք չի մնում բևեռների մեջ: Այնպես, ինչպես նա հատում է լեզվաբանության սահմանները և գալիս փիլիսոփայությանը, նա նաև չի կաղապարվում փիլիսոփայության մեջ, ինչը հատուկ չի նույնիսկ շատ մեծ փիլիսոփաների, ովքեր, քանդելով ընդունված համակարգեր, ստեղծում են սեփականը ու արդեն դրա մեջ կաղապարվում: Ընդհանրապես, Աթայանի գրքերի հետ հանդիպումից գոյացող առաջին հարցերից է` կա՞ արդյոք համակարգ, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, համակարգ կա, բայց հանելուկն այն է, որ այդ համակարգն իսկ ազատ է. «Ամեն մարդ պետք է գրի սեփական ազատության փիլիսոփայությունը», ասում է Աթայանը, և այստեղ փոքրիկ հղում կա Ռուդոլֆ Շտայների համանուն գրքին, որտեղ ազատության սերմը դրվում է մտածողության կամային կարողության մեջ: Հենց այս կամային շարժմամբ առաջ ընթացող միտքն է Աթայանի ստեղծագործության առանցքային տարրերից մեկը: