Եթե մոդեռնիստները դպրոցներ ու ուղղություններ էին հիմնում, ապա ժամանակակից պարողները մշակում էին պրակտիկաներ, որոնք սահմանափակ չէին իրենց ձևամտածողությամբ ու պարագրության մեջ մինչ օրս ակտուալ հարցադրումներ էին անում: Այս հարցադրումները շատ կարևոր էին ժամանակակից պարողների համար, քանի որ հնարավորություն էին ստեղծում նաև սեփական ստեղծագործություններին քննադատական տեսնակյունից նայելու։ Այդ ժամանակ անհրաժեշտություն կար պարից ու շարժումից օտարանալու, դրսից հայացք նետելու, հասկանալու, թե ինչպիսի ռեսուրսներ ու հնարավորություներ կան։
Ժամանակակից պարողները կարևորում էին բնական, ֆիզիկական ուժերի կիրառությունը։ Նրանք աշխատում էին գրավիտացիոն ուժի հետ` բեմից և կատարողական արվեստին հատուկ պերֆորմատիվ տարածքներից դուրս գալով փողոցներ, տանիքներ, բոլոր այն վայրերը, որոնք ընդունված չէին որպես պարի ցուցադրության տարածք, ու ստեղծում էին շարժման նոր հնարավորություններ` տանիքից իջնելով ցած կամ փողոցի ամբողջ երկայնքով ձգվելով: Տարածությունն ու միջավայրը փոխվեց ժամանակակից պարողների համար:
Իսկ արդեն պոստմոդեռնիստ պարողները իմպրովիզացիոն տեխնիկաներով, շարժման և պարի միջոցով ցույց էին տալիս երկու մարդու միջև հարաբերությունները: Պոստմոդեռն պարի տեսակ կոնտակտային իմպրովիզիացիան մեծ հեղաշրջում էր պարային պրակտիկաների ոլորտում, քանի որ ջնջում էր նույնիսկ վաղ շրջանի ժամանակակից պարողների առաջ քաշած մոտեցումները և ստեղծում պահի ու մարմնական տվյալ սուբյեկտի, անձի հնարավորությունները գերազանցող պրակտիկաներ: