Հայկական իրականության մեջ ժամանակակից պարը մի շարք խնդիրների է բախվում: Դրանցից են`
1․ Ավանդույթի բացակայությունը
Արևմուտքում պարի ձևավորված ավանդույթը հնարավորություն է տալիս ոլորտի մասին խոսելու, այն զարգացնելու։ Սակայն Հայաստանում` ավանդույթի բացակայության դեպքում, բարդ է խոսել նույնիսկ ներկայի մասին, հասկանալ, թե ժամանակակից պարողները ինչպես են գտնում իրենց այդ բազմազանության մեջ, ինչպես են դիրքավորվում և որ խնդիրներին են առաջնային կարևորություն տալիս։
2․ Կրթությունը
Հայաստանում կրթության մոտեցումները տարբերվում են արևմուտքում ընդունվածից։ Շարժումը և պարն ավելի ավանդական, ստատիկ դիրքավորում ունեն, որից ազատագրվելը բավականին դժվար է։ Մենք չենք սովորում հարցադրումներ տալ, այլ փոխառում ենք ձևեր ու կոմպոզիցիաներ, որոնք դուրս են հայաստանյան համատեքստից:
Ուսումնասիրելով Հայաստանում 1970-80-ականների վիզուալ արվեստները` կարելի է նկատել մարմնի խնդիրների ներկայությունը։ Իսկ արդեն 90-ականներից սկսած մեծ փորձառություն է ձեռք բերվել պերֆորմատիվ արվեստների ոլորտում, որը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպիսի ձևափոխությունների միջով է անցել մարմինը արվեստում, և մարմնի հետ կապված ինչ խնդիրներ են ներկայումս առաջ քաշում վիզուալ արվեստագետները։ Այս ավանդույթի ներկայությունը կարող է հայ ժամանակակից արվեստում ոլորտների փոխհարաբերության հնարավորություն ստեղծել, և վիզուալ արվեստների ոլորտը կարող է օժանդակել ժամանակակից պարի ոլորտի զարգացմանը: