Play Video
Ա․ Շիրվանզադեի և Գ․ Բաշինջաղյանի բանավեճը «Մշակի» էջերում | Մերի Ղազարյան

1916 թվականին մի շարք հայ նկարիչների ջանքերով Թիֆլիսում հիմնադրվեց Հայ արվեստագետների միությունը՝ աշխարհի տարբեր ծայրերից հայազգի գործիչներին միավորող առաջին միությունը։ Ըստ կանոնադրության մեջ ամրագրված դրույթների՝ միության նպատակն էր գեղարվեստական նոր արդյունաբերության միջոցով վերստեղծել ազգային ոճը, ինչպես նաև գեղարվեստական միջոցներով փորձել մոտենալ ազգային ոգուն և կենցաղին։ Պետականության բացակայության պայմաններում, երբ չկային պետական ինստիտուտներ, որ կարող էին կարգավորել արվեստի միջավայրը և սահմանել արվեստային խնդիրները, նման խմբավորումները անհրաժեշտություն էին ընդհանուր մթնոլորտ ստեղծելու համար։ Սակայն ժամանակի գործիչներից շատերի համար խնդրահարույց էր հատկապես ազգայինի ձևավորման հարցը 20-րդ դարասկզբի համատեքստում։

Գրող, հրապարակախոս Ալեքսանդր Շիրվանզադեն «Մշակի» էջերում հրապարակում է մի հոդված, որը կոչվում էր «Ողջու՛յն համակրելի ընկերությանը»։ Հոդվածում նա շեշտում էր հայ արվեստագետների միության կարևորությունը և նշում էր, որ սատարում է այդ գործունեությանը և հանդիսանում է անդամներից մեկը։ Նրա դիրքորոշումը կարելի է ամբողջացնել և ընկալել որպես Հայ արվեստագետների միության դիրքորոշում։ Սակայն այս հոդվածին ի պատասխան՝ Գևորգ Բաշինջաղյանը մի քանի օր անց տպագրում է մեկ այլ հոդված, որի վերնագիրն էր՝ «Ես չեմ ողջունում»։ Հոդվածում նա մանրամասն և փաստարկված անդրադառնում էր արվեստագետների միության գործունեության հետ կապված բոլոր այն կետերին, որոնք իր համար խնդրահարույց էին։ Եվ այդ կետերից հիմնականը վերաբերում էր արվեստի ազգային լինելու հարցին, հատկապես՝ այդ մեծ ժամանակների համատեքստում։

Բանավեճում, ըստ էության, բախվում են երկու տարբեր օրակարգեր։ Մի կողմից՝ հայ արվեստագետների միության խնդիրը՝ ավելի մոտենալ սեփական ժողովրդին, սեփական պատմությանն ու անցյալին, և դա արժևորելով` նոր ձևերի միջոցով այն ներկայացնել, և մյուս կողմից՝ Բաշինջաղյանի օրակարգը, որը վերաբերում էր ժամանակների փոփոխությանը և այդ ժամանակներում արվեստի խնդիրների հանդեպ շատ ավելի նուրբ և համընդհանուր մոտեցմանը տանող առաջարկի։

Ներկայումս այս բանավեճին անդրադառնալիս արվեստաբանների և պատմաբանների համար շատ կարևոր է դիմադրել բանավեճի կողմերից մեկին նմանվելու կամ նմանակելու վտանգին։ Պատմական հայացքը ենթադրում է որոշակի հեռավորություն, որն օգնում է ընդգրկուն և համապարփակ հասկանալ նյութն ու այն արվեստագետներին, ովքեր գործել են 20-րդ դարասկզբին։

Դիտեք նաև՝

Search