Հայաստանում մոդեռն և ժամանակակից պարի մասին խոսելը որոշակի դժվարություններ է առաջացնում, որոնց արևմուտքում նույնպես բախվել են, սակայն տասնամյակներ առաջ. այնտեղ մարմնի և շարժման խնդիրներին սկսել են անդրադառնալ դեռևս 19-րդ դարում:
1830-ականներին Ֆրանսիացի տեսաբան, երաժշտության ուսուցիչ Ֆրանսուա Դելսարտը նկատեց, որ օպերային երգիչների ժեստերը, էմոցիաները, երգելու և լսելու գործողություններն իրար հետ չեն համընկնում, ու դա նրանց թույլ չի տալիս առավելագույնս ինքնարտահայտվել: Եվ նա ստեղծեց շարժման համակարգ, ըստ որի` մարդը մի ամբողջականություն է իր հույզերով, մարմնով և զգայարաններով, և որպեսզի շարժումները լավ ստացվեն, անհրաժեշտ է այս ամենը միաժամանակ ակտիվացնել: Իսկ երաժշտության մեկ այլ ուսուցիչ, շվեյցարացի կոմպոզիտոր Էմիլ Ժակ-Դալկրոզը նկատեց, որ ուսանողները չեն կարողանում մեղեդիները մտապահել, ու հիմնեց էվրիթմիկայի մեթոդը, որի կիրառմամբ մարմնի բոլոր մասերն են սկսում երաժշտությունը լսել, ու ձևավորվում է մկանային հիշողություն: Արդեն 20-րդ դարի սկզբին հունգարացի ճարտարապետ Ռուդոլֆ ֆոն Լաբանին հետաքրքրում էր` ինչպես է միջավայրը ազդում մարմնի վրա, ու ինչպես է մարմինը տեղավորվում տարածության մեջ: Նա կառուցեց մի համակարգ, ճարտարապետական բազմանիստ կառույց, որը հնարավորություն էր տալիս պարողին ուսումնասիրելու իր շարժումները տարածության մեջ:
Հենց այս երեք խոշոր տեսաբանների կողմից արված հետազոտություններն են սկիզբ դրել մոդեռն, իսկ հետագայում նաև ժամանակակից և պոստմոդեռն պարերի ձևավորմանը: Այս աշխատությունները մեծ դեր են խաղացել մի ամբողջ մշակույթի ու պարային ուղղությունների ստեղծման մեջ: