Ջատագովությունը նույն ադվոկացիա հասկացությունն է։ Այն գործողությունների շարք է, որը սոցիալական, քաղաքական, բնապահպանական, տնտեսական ոլորտներում բերում է մեր ցանկալի փոփոխություններին։ Ջատագովություն պետք է իրականացնել, երբ մեզ հասանելի օրինական ուղիներով չենք հասնում խնդրի լուծմանը։ Կան բազմաթիվ պայմաններ և գործոններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ջատագովության համար։ Ջատագովության մեջ ֆունդամենտալ է սրտացավությունը՝ այն, թե ինչքանով է խնդիրը հուզում մեզ, և ինչքանով ենք մենք անձամբ խնդրի կրողը։ Ջատագովության գործընթացում ճկունությունն ու ռեֆլեկցիան անընդհատ ուղեկցող գործոններ են, քանզի մենք պետք է հեշտ ադապտացվենք և պատրաստ լինենք գործողությունների կամ ռազմավարական փոփոխությունների։
Ջատագովության առաջին պայմանը խնդրի ուսումնասիրությունն է։ Այս համատեքստում կարևոր է ուսումնասիրել, թե խնդրի լուծմանն ուղղված ինչ հետազոտություններ են իրականացվել, որ խմբերն են հետաքրքրված թեմայով կամ թե ինչ պոտենցիալ հակառակորդներ կարող են լինել։ Հաջորդը համախոհների քարտեզագրումն է։ Ջատագովության գործընթացը սկսելուց առաջ կարևոր է հասկանալ, թե ովքեր են մեր շահակիցները։ Դրանք կարող են լինել համայնքի բնակիչները, թեմայով հետաքրքրված այլ մարդիկ կամ խմբեր։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ֆինանսական ռեսուրսների, վստահելիության, հեղինակության, ճանաչելիության, հմտությունների, գիտելիքների և մեդիա տեսանելիության վրա։