Play Video

Ռանսիերը «Անգետ ուսուցիչը» աշխատությանը նվիրված իր հարցազրույցներից մեկում ասում է. «Ժաքոթոյի դրույթների հետ իմ դրույթների մերձակցության առումով՝ պարզ է, որ իմ տեսական աշխատանքը փորձել է խոսել այլոց խոսքերի միջոցով, խոսեցնել այլոց խոսքերը՝ դրանք այլ կերպ «վերաֆրազավորելով» ու վերաբեմադրելով։ Ուրեմն, այս գրքի հետաքրքրությունը որոշ արվեստի մեջ է՝ «վերաֆրազավորման», որով ութսունականների Ֆրանսիայի մտավորական բանավեճի մեջ ես ներմուծեցի մի ամբողջ բառապաշար ու լիովին «փաստարկված» հռետորություն և, հակադարձորեն, Ժաքոթոյին փոխտվեցի մտքեր, որոնք, ասես, լինելով իր անդրադարձի հիմքում, կոչված էին ութսունականների Ֆրանսիայում հավասարության մտքի իրադրության վերլուծությանը»։

Կարելի է ասել՝ թարգմանության ընթացքի մեջ ևս ինքնին արվեստային արարք էր տեղ գտել։ Այդ միտքն ի հայտ եկավ թարգմանության մակարդակում տեքստի բովանդակությունը խաղարկելու գաղափարից։ Այդ գաղափարն իր ծնունդով պայմանավորված էր հանգամանքների զուգադիպությամբ և «պատահաբար» հայտնաբերված թարգմանչի անձով, որը թույլ էր տալիս գործնականում «ստուգել» Ժաքոթոյի մեթոդը. հնարավո՞ր է կատարել մի բան, որի ինչ լինելը չգիտես։ Կրթությամբ երաժիշտ (ջութակահար) և երաժշտագետ (ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան) Արմեն Վշտունին ևս հանգամանքների բերումով էր դարձել թարգմանիչ, իսկ իր վերջին թարգմանությունները կատարել էր հեռավոր ութսունականների սկզբին։ Երբևիցե գործ չէր ունեցել փիլիսոփայական տեքստերի հետ։ Իր սոցիալական պայմանները նույնիսկ սովորական կյանքով ապրելու համար էին բարդ, իսկ նման աշխատանք կատարելու համար՝ գրեթե անհնար։ Հայտնի չէր, թե որտեղ է ապրում։ Չուներ կոնտակտներ, որոնցով հնարավոր կլիներ կապվել իր հետ։ Երբ պատրաստ էր լինում թարգմանության որոշակի հատված՝ ինքն էր ստանձնում ինձ հետ կապվելու գործը՝ ամեն անգամ զանգահարելով պատահական ինչ-որ բջջային համարից։ Այդ հատվածի մեծությունը սովորաբար պայմանավորված էր լինում իր դրամական միջոցների հատնելու հանգամանքով։ Վշտունուն պատվիրելով գրքի թարգմանությունը՝ ի սկզբանե համոզված չէի, որ կհասնենք աշխատանքի բարեհաջող ավարտին։ Բայց, ի պատիվ Վշտունու և հուրախություն ինձ, տեքստի թարգմանությունը հասավ իր ավարտին

Դիտեք նաև՝

Search