Play Video
Թեմա 7. Էմպիրիզմ և ռացիոնալիզմ. Բեկոն, Հոբս, Դեկարտ, Սպինոզա. Աշոտ Ոսկանյան

Էմպիրիզմն ու ռացիոնալիզմը գալիս են փոխարինելու միջնադարյան նոմինալիզմին և ռեալիզմին: Նոմինալիզմն այն ուղղությունն էր, որը համարում էր, որ գոյություն ունեն միայն առանձին առարկաները, իսկ դրանց մասին ասվող ընդհանուր գաղափարները միմիայն անուններ են: Ռեալիզմը համարում էր, որ այդ ընդհանուր գաղափարները այս կամ այն ձևով նույնպես գոյություն ունեն իրականության մեջ: Եվ ահա սա տրանսֆորմացվում է նոր երկու հոսանքի: Էմպիրիզմն այն ուղղությունն է, որը ելնում է նրանից, որ մենք մեր գիտելիքները հիմնականում ստանում ենք փորձից, իսկ ռացիոնալիզմը (ratio – մտածողություն), ելնում է նրանից, որ մենք մեր գիտելիքը հիմնականում ստանում ենք բանականությունից:

Առաջին էմպիրիկները բրիտանացիներն էին, և նրանցից մեկը Ֆրենսիս Բեկոնն էր (1561-1626թթ.): Խոսելով կուռքերի մասին (իսկ նա կուռք ասելով` նկատի ուներ որոշակի սովորություններ, որոշակի պատկերացումներ, որոնք մարդուն խանգարում են իրականությանը ճիշտ նայել)` նա առանձնացնում է չորս տիպ՝ քարանձավի, թատրոնի, հրապարակի և սեռի կուռքեր:

Քարանձավի կուռքերը նրանք են, որոնք կապված են անհատ մարդու հետ: Այսինքն մարդն ունի սովորություններ, մարդն ունի որոշակի մտածողություն, մարդն ունի որոշակի յուրահատկություն, և այդ անհատ մարդն իր յուրահատկությունը ոչ քննադատական ձևով տեղափոխում է գիտելիքի մեջ: Նա համարում է, որ պետք է դրանից զերծ մնալ:

Թատրոնի կուռքերը բեմում են: Դա ինչ-որ մեկի բարձր հեղինակությունն է, այսինքն այն, ինչ կա, եկել է որպես հեղինակություն: Թատրոնում մենք տեսել ենք և հիմա էլի ոչ քննադատաբար այդ նույնը կրկնում են միայն այն պատճառով, որ դա հեղինակություն է: Մասամբ նա նկատի ուներ Արիստոտելին, որովհետև նա այն հեղինակությունն է եղել, որին հազար տարի ընդունել են ու հավատացել:

Հրապարակի կուռքերը կապված էին լեզվի և նախկին սերունդների նախապաշարմունքների հետ, այսինքն նախկինում եղել են նախապաշարմունքներ, եկել են ու հիմա մենք նրանց շարունակում ենք: Ինչո՞ւ լեզվի: Որովհետև լեզուն կարող է խաբող լինել, օր.՝ կարող ենք ասել՝ արևը մայր մտավ, ինչն արդեն ցույց է տալիս, որ մենք պիտի ենթադրենք, որ արևն է պտտվում երկրի շուրջ: Լեզուն մեզ պարտադրում է որոշակի բաներ, և մենք պետք է զգույշ լինենք, որ այդ ծուղակի մեջ չընկնենք:

Սեռի կուռքեր: Սեռ ասելով՝ նկատի ունի մարդկությունը որպես այդպիսին: Այսինքն մարդկությունը ինքը ունի որոշակի մտածելակերպ, որը հենց մարդկային է, օր.՝ մարդը հակված է բնությանը վերագրել բաներ, որոնք մարդուն են հատուկ և անցկացնում են համեմատությունններ, ասենք՝ ինչպես ընտանիքում է, այնպես էլ նույնը տեղի է ունենում արեգակի և մոլորակների միջև, կամ ասենք՝ քանի որ մարդն իր առաջ նպատակներ է դնում, ենթադրել, որ բնությունն էլ իր առջև է ինչ-որ նպատակներ դնում: Ահա այս բաներն են, որոնցից պետք է խուսափել:

Արիստոտելը ենթադրում է, որ մեր դատողությունների հիմնական միջոցը դեդուկցիան է, այսինքն դա նշանակում է ընդհանուր պատկերացումներից մենք պետք է գանք մասնավոր եզրակացությունների, իսկ ահա Բեկոնը դրան հակադրում է ինդուկցիան՝ մասնավոր դեպքերից դեպի ընդհանուր եզրակացությունների գալը: Բեկոնն ասում էր, որ եթե դեդուկցիայով մենք մի բանի մասին ընդհանուր պատկերացում ունենք, ապա մասնավոր դեպքերը այսպես, թե այնպես մեզ նոր գիտելիք չեն տալիս: Օրինակ, եթե մենք ասում ենք՝ բոլոր մարդիկ մահկանացու են, Սոկրատը մարդ է, ուրեմն Սոկրատը մահկանացու է: Այն, որ Սոկրատը մահկանացու է, իհարկե, նոր գիտելիք է, բայց մյուս կողմից այնքան էլ նոր չի, որովհետև եթե բոլոր մարդիկ մահկանացու են, պարզ է, որ այս կամ այն ձևով Սոկրատն էլ պետք է լիներ մահկանացու:

Բեկոնին հարկավոր էր նոր բան, այդ նորը նա առաջարկում էր գտնել ինդուկցիայի մեթոդով: Օրինակ՝ ես կարող եմ տեսնել, որ այս կարապը սև է, երկրորդ կարապը սև է, այն մյուս կարապը սև է, այստեղից կարող եմ ընդհանրացնելով՝ եզրակացնել, որ բոլոր կարապները սև են: Իհարկե, վտանգ կա, որ ես կարող եմ սխալվել, որովհետև ես չեմ կարող բոլոր դեպքերը սպառել:

Ռացիոնալիստների խմբին է պատկանում Ռենե Դեկարտը (1596-1650թթ.), որը նոր փիլիսոփայության հիմնադիրն է: Նա առաջադրում է կասկածը՝ որպես մեթոդաբանական սկզբունք. եկեք ենթադրենք, որ մենք ոչինչ չգիտենք, որովհետև այն ամենը, ինչ գիտենք, կասկածելի է: Եկեք կասկածի տակ դնենք այն ամենը, ինչ հնարավոր է: Կասկածելու ընթացքում նա հարց է դնում, թե կարելի է միևնույն ժամանակ կասկածել, երբ ինքը կասկածում է: Ըստ Դեկարտի՝ դա հնարավոր չէ անել, և դրանով նա գտնում է, որ գտավ այն հիմքը՝ ելակետային կորիզը, որից մնացածը կարող է դուրս բերել: Այստեղից էլ բխում է նրա հայտնի գաղափարը՝ cogito ergo sum, մտածում եմ (որովհետև կասկածել նշանակում է մտածել), հետևաբար գոյություն ունեմ:

Բենեդիկտ Սպինոզան (1632-1677թթ.) ծագումով հրեա հոլանդացի փիլիսոփա է, երկու անգամ արտաքսվել է հրեական կրոնական համայնքից, ունեցել է ոսպնյակներ սարքելու արհեստանոց, զբաղվել է օպտիկական գործիքներով: Ըստ Սպինոզայի՝ աշխարհում կա մեկ սուբստանց, որը ունի երկու հատկություն՝ տարածականությունը և մտածողությունը:

Ի՞նչ է նշանակում սուբստանց: Sub նշանակում է տակ, ենթա, stantia՝ կանգնել, այսինքն սուբստանց նշանակում է այն, ինչ գտնվում է հիմքում, այն, ինչ գտնվում է տակը, հայերեն թարգմանելու դեպքում կստանանք «ենթակա» բառը, որը քերականության մեջ նույն դերն ունի. ենթական այն է, ինչ ընկած է հիմքում: 

Որքան էլ հրեաները դուրս էին շպրտում Սպինոզային իրենց համայնքից, այնուամենայնիվ, Սպինոզան վերցրել է եբրայական միաստվածության գաղափարը և վերամեկնաբանել է ռացիոնալիստական ձևով:

Մարդը կարող է լինել ազատ, եթե ինքը հասկանա, որ ինքը մասն է այն ամբողջի, որը որոշակի օրենքներով է շարժվում:  Սպինոզան ասել է՝ ես ազատ եմ համարում այն իրը, որը գործում է իր բնույթին համաձայն:

Դիտեք նաև՝

Search