Play Video
Թեմա 5. Պլատոն, Արիստոտել. Աշոտ Ոսկանյան

Որպեսզի հոգեբանորեն հիմնավորի իր իդեալիզմը՝ Պլատոնը ստեղծել է քարանձավի ալեգորիան: Նա ասում է՝ պատկերացրեք, որ մարդիկ շղթայված են քարանձավում և ոչինչ չեն կարող տեսնել, թե ինչ է կատարվում դրսում:  Արեգակը միայն ընկում է դրսում գնացող մարդկանց, կենդանիների, տարբեր արարածների վրա, այդ մարդկանց, կենդանիների ստվերները ընկնում են քարանձավի պատի վրա, և դուք շղթայված եք այնպես, որ մեջքով դեպի աշխարհն եք գտնվում, իսկ դեմքով՝ դեպի այդ պատը, և դուք տեսնում եք ստվերները: Ստվերների հիման վրա դուք կարող եք իհարկե ինչ-որ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է դրսում կատարվում, բայց ի վերջո այդ պատկերացումը միմիայն ստվերների մակարդակի պատկերացում է: Ահա այս իմաստով նա ասում է, որ իրական աշխարհը այդ գաղափարների աշխարհն է, որոնք կան ինչ-որ մի առանձին ոլորտում կարծես, և այն աշխարհը, որ մենք տեսնում ենք, միայն ստվերների աշխարհն է: Ուրեմն ինչպե՞ս կարելի է տեսնել այն աշխարհը՝ իսկական աշխարհը, գաղափարների աշխարհը: Դա կարելի է միայն անել մտավոր հայացքով: Այսինքն պոստուլավորում է երկու աշխարհ. իդեալական աշխարհը տարածությունից դուրս է, հավերժ է, անփոփոխ է, և մենք ունենք գործնական, իրական աշխարհը, որն ահա մենք տեսնում ենք:

Եթե մենք ասում ենք գաղափար, ապա նույն արմատից սերում է կաղապարը, այսինքն էյդոսը կաղապար է, մոդել, էյդոսը հարացույց է, պարադիգմա: Այսինքն պարադիգման ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իրը: Էյդոսները բազմաթիվ են, և նրանց հիման վրա մենք  խոսում ենք իրերի մասին. ենթադրենք՝ կա գեղեցկության էյդոսը, գեղեցկության իդեան, այն հավերժական է, այն անփոփոխ է, այն միշտ կա այդ վերին աշխարհում, և մենք ունենք գեղեցիկ իրեր: Գեղեցիկ իրերը կարող են լինել, կարող են և չլինել: Ենթադրենք՝ մենք ունենք գեղեցիկ սափոր, գեղեցիկ կին, գեղեցիկ ծառ, գեղեցիկ բույս: Սափորը կոտրվում է, կինը ծերանում է, ծառը չորանում է, բայց գեղեցկության գաղափարը մնում է: Գեղեցկության գաղափարը տալիս է այն ներքին ստրուկտուրան ամեն մի գեղեցիկի: Այստեղ տեսնում ենք, որ Սոկրատի շորշոփն էլ կա, երբ նա ասում էր, որ դա ոչ թե անմիջական նայած գեղեցկությունն է, այլ այն ներքին օրինաչափությունն է: Ահա այդ ներքին, գեղեցկության օրինաչափությունը դրված է էյդոսի մեջ:

Դիտեք նաև՝

Search