Փիլիսոփայական ուսմունքները կապված են իրենց պատմական դարաշրջանի հետ, արտահայտում են նրա էությունը, հիշենք Նալբանդյանի հայտնի հոդվածը՝ «Հեգելը և նորա ժամանակը»: Իսկ ի՞նչ ժամանակում ենք մենք ապրում: Մեր ժամանակը կոչվում է հետարդիականություն: Այս անվանումը պատահական չէ, որովհետև արդիականությունը մի ժամանակաշրջան է, որը կապված է լուսավորականության հետ, այսինքն մոդեռնը մի ժամանակ է, որն իր բոլոր գործողությունների հիմքում դնում է բանականությունը, հետևաբար եթե ասում ենք հետարդիականություն, արդյո՞ք դա նշանակում է հետլուսավորականություն, հետբանականություն, հասկանալ, որ բանականությունն արդեն հաղթահարված է, հիմա ուրիշ բանի ենք անցնում: Տեղին է հիշել Գելենի մի գաղափար, այն է՝ լուսավորականությունը մեռել է, բայց նրա հետևանքները առաջ են վազում:
Ֆաուստի և սատանայի միջև կնքվում է մի պակտ: Ֆաուստն ասում է, որ դու երբևիցե չես կարող ինձ այնպիսի մի վիճակի մեջ դնել, որ ես բավարարվեմ: Եթե ես հանկարծ որևէ բանի կապակցությամբ ասեմ՝ կանգ առ, ակնթարթ, դու գեղեցիկ ես, դու կարող ես իմ հոգին տանել, որովհետև յուրաքանչյուր ակնթարթ, որը դու ինձ կպարգևես, ինձ համար բավարար չի լինի: Սատանան ամեն դեպքում խոստանում է նրան այդ ակնթարթները տալ՝ հույսով, որ Ֆաուստն, այնուամենայնիվ, ինչ-որ մի պահի վրա կանգ կառնի: Թվում է՝ նրանք նույն բանի մասին են խոսում, համենայն դեպս իրար հասկանում են, այնինչ իրականության մեջ պարզվում է, որ նրանք խոսում են բոլորովին տարբեր բաների մասին: Ֆաուստն ուզում է ստանալ այնպիսի ակնթարթներ, որոնք իր համար լրացուցիչ փորձառություն կբերեն, այսինքն բոլոր մարդկանց հետ տեղի ունեցող լավն ու վատը, որպեսզի կարողանա ինքը վերապրել դրանք՝ դրանով իսկ մեծապես հարստանալ: Եվ երբ սատանան ասում է նրան, որ ես կպարգևի նրան ուրախ պահեր, Ֆաուստն ընդվզում է, նա ուզում է մաքսիմալ ընդարձակվել, ներառնել իր մեջ այն ամենը՝ համայնական ես-երը, բոլոր մարդկանց ես-երը քեզ տան, դու դառնաս ամբողջ մի տիեզերք, դառնաս մակրոկոսմ, այնինչ սատանան լրիվ հակառակն է ուզում: Նա չի խաբում, նա ասում է՝ յուրաքանչյուր պահին պատրաստ է Ֆաուստին տալ մեծագույն այն ապրումը, որը Ֆաուստը կուզի, բայց նա խնդիր ունի, որպեսզի այդ ապրումները չմիավորվեն, չդառնան մեկ ամբողջական, նա ասում է՝ ես այնպես կանեմ, որ դու կկպչես այդ ապրումին, և դրա համար է խնդիրը դրված, եթե ես ասեմ՝ կանգ առ, ակնթարթ, կնշանակի՝ ես ամբողջից կտրվում եմ: Այս իմաստով ահա կարելի է ասել, որ սատանան պոսմոդեռն է…