Play Video
Թեմա 16. Ֆրանկֆուրտյան դպրոց. Ադոռնո, Հաբերմաս. Աշոտ Ոսկանյան

Ո՞րն է «Լուսավորականության դիալեկտիկա» փոքրիկ գրքույկի հիմնական իմաստը: Իմաստը հետևյալն է. լուսավորությունը ոչնչացնում է ինքն իրեն: Այստեղ է դիալեկտիկան, իսկ դիալեկտիկան, գիտենք, մի բան է, որ փոխվում է ինքն իրեն հակառակ: Լուսավորություն ասելով՝ նկատի ունենք եվրոպական այն մեծ տրադիցիան, որը հենվում է բանականության վրա: Բոլոր փիլիսոփաները լուսավորականներ են որոշ պատճառներով ու որոշ իմաստով: Հակասությունն այն է, որ մարդկությունը, ասում են Ադորնոն ու Հորկհայմերը, իր ինքնուրույնությունը նվաճում է՝ սեփական ներքին բնությունը ճնշելով: Այսինքն, երբ մարդկությունը դառնում է բանական, նա այդ բանականությունը օգտագործում է բնությունից ազատվելու համար, բնությանը տիրելու համար և իսկապես կարողանում է ազատվել ու դառնալ բնության տերը, բայց միևնույն ժամանակ ահա նա ստեղծում է այնպիսի ստրուկտուրաներ, որոնք հետո իրեն ներքաշում են հասարակական գերության մեջ: Դու դառնում ես ազատ արտաքին բնությունից, բայց ներքին իմաստով նորից դառնում ես ստրուկ:

Հաբերմասը չի խոսում այն մասին, թե ինչ-որ մեկը ինչ պիտի անի, որ բարոյական լինի, կամ ինչ պիտի չանի, որ բարոյական լինի: Նա բարոյականությունը՝ էթիկան, կապում է ոչ թե դիրքորոշման հետ, թե դուք ինչ դիրքորոշում ունեք, այլ նրա հետ, թե դուք արդյոք պատրաստ եք ձեր դիրքորոշումը բաց բանավեճի մեջ քննարկել մեկ այլ մարդու՝ բոլորովին այլ դիրքորոշման հետ:

Մի կողմից հասարակությունը իրենից ներկայացնում է համակարգ՝ տնտեսության զարգացում, ինչ-որ նպատակների հետապնդում և այլն, մյուս կողմից հասարակությունը իրենից ներկայացնում է կենսաշխարհ: Կենսաշխարհը այն է, ինչ որ տվյալ հանրության մեջ որևէ կասկած չի հարուցում, այնպիսի համոզմունքներ են, որ նստած են ներսում՝ ավանդույթներ, պատմություն մշակույթի և այլն: Այս կենսաշխարհը տալիս է մեզ որոշակի մոդելներ, որոնք ասում են այսպես վարվիր կամ այնպես մի՛ վարվիր, և այդ կենսաշխարհը նրա համար է նաև, ասում է Հաբերմասը, որպեսզի զսպի համակարգի վազքը, որովհետև համակարգն ունի իր տրամաբանությունը: Մեզ համար տիպիկ մի օրինակ բերեմ՝ դուք կարող եք ասել, որ մեր տնտեսությունը պահանջում է, որպեսզի մենք Թուրքիայի հետ սահմանը բացենք, գնանք, առևտուր անենք, և՛ մեր տնտեսությունը կզարգանա, և՛ սա կլինի, և՛ նա, բայց կգա ինչ-որ մեկն ու կասի՝ թորքը մնում ա թորք, և ահա սա կնշանակի, որ կենսաշխարհը իր զգուշավորությամբ զսպում է համակարգին: Իհարկե, միշտ չէ, որ դա լավ է կամ վատ: Հաբերմասն ասում է՝ զարգացած հասարակությունը այն հասարակությունն է, որը ի վիճակի է քննադատել այդ կենսաշխարհը, բայց քննադատել բնավ չի նշանակում վերացնել, որովհետև դա անհնար է, պարզապես քննադատելով՝ դուք քայլ եք անում, դրանով իսկ կենսաշխարհը դառնում է մշակութային գիտելիք:

Դիտեք նաև՝

Search