Ֆոյերբախը քննադատում էր քրիստոնեությունը՝ ասելով, որ կրոնն ուղղակի հանդես է եկել որպես ձևավորում այն գաղափարների, այն ձգտումների ու ցանկությունների, որ մարդիկ ունեցել են, բայց չեն կարողացել իրենց կյանքում իրականացնել: Օր.՝ մարդը պահանջ ունի սիրո, բայց կյանքում սերը տրված չի, և ահա նա վերցնում է, այդ սիրո իդեալական պատկերը ստեղծում և խոսում է երկնային սիրո մասին: Մարդը պահանջ ունի իդեալական ընտանիքի, ընտանիքն իրեն տրված չի, և նա վերցնում է սուրբ ընտանիքի գաղափարը: Այսինքն այն, ինչ մեզ պատմում է կրոնը, քրիստոնեությունը, այդ ամենը մարդկային տարրեր են, որոնք վերածվել են կրոնականի:
Ֆոյերբախը խոսում է մարդու մասին այնպես, կարծես մարդը մենակ է, այսինքն՝ յուրաքանչյուր առանձին մարդու մասին է խոսում, Մարքսը դա անվանում է ռոբինզոնադա, իսկ Ֆոյերբախի մասին ասում է. «Ֆոյերբախն ինձ համար ընդունելի չի, որովհետև նա շատ է խոսում բնության մասին և քիչ՝ քաղաքականության մասին»: Այսինքն մարդը ոչ թե բնական արարած է, այլ քաղաքական: Քաղաքական նշանակում է, որ մարդը չի կարող ընկալվել առանց մյուս մարդկանց հետ իր հարաբերությունների:
Ըստ Մարքսի՝ աշխատանքն օտարվում է մարդուց, որովհետև առաջ է գալիս մասնավոր սեփականությունը: Փաստորեն, աշխատանքի օտարումը, աշխատանքի կտրվելը բուն մարդուց կապված է մասնավոր սեփականության առաջացման հետ: Հետևաբար, եթե դուք ուզում եք, որ աշխատանքը չօտարվի, դուք պետք է հաղթահարեք մասնավոր սեփականությունը: Իսկ ինչի՞ց է առաջանում մասնավոր սեփականությունը: Դա օբյեկտիվ պրոցես է, որի հիմքում ընկած է աշխատանքի բաժանումը:
Առաջին բաժանումը, որը տեղի է ունենում կին-տղամարդ բաժանումն է: Կինը ծննդաբերում է երեխաներ և պահում է դրանց՝ ելնելով զուտ ֆիզիոլոգիական պատճառներից, տղամարդը ապահովում է նրանց բարեկեցությունը, արդեն աշխատանքի բաժանում է: Ստացվում է, որ ամեն մեկս մի բան ունենք, մի ուրիշ բան չունենք, և եթե մի բան ունենք, մի ուրիշ բան էլ չունենք, պետք է սկսվի փոխանակման պրոցեսը (որը տնտեսության բնական ընթացքն է), և առաջանում է մասնավոր սեփականությունը: Եթե դուք մասնավոր սեփականությունը վերացնեք, սեփականությունը կդառնա բոլորինը, այստեղից էլ կոմունիզմի գաղափարն է առաջ գալիս:
Մասնավոր սեփականությանը զուգահեռ առաջանում են դասակարգերը, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսում են պատմութան զարգացման տարբեր փուլերում տարբեր ձևերով հարաբերվել միմյանց հետ: Իսկ ինչպես հարաբերվում են, այնպես էլ մտածում են: Նշանակում է, որ այդ ընթացքում մարդկային էությունը նույնը չի մնում: Եթե մենք ասում ենք՝ մարդը բնության էակն է, մարդը պետք է նույնը մնար, բայց տեսնում ենք՝ մարդը անընդհատ փոփոխվում է՝ կապված նրա հետ, թե ինչպես է ինքը ապրում:
Մարքսի ամենակարևոր թեզերից մեկը, որ հայտնի է որպես Ֆոյերբախի մասին 11-րդ թեզ, այն է. «Մինչ այժմ փիլիսոփաները բացատրել են աշխարհը, սակայն խնդիրը այն փոխելն է»: Հետևաբար դուք չեք կարող գիտակցությունը փոխել մինչև աշխարհը չփոխվի, իսկ աշխարհը փոխել կարելի է՝ փոխելով հարաբերությունները: