Յոհան Գոտլիբ Ֆիխտեն (1762-1814թթ.) փիլիսոփայական իր կարիերան սկսում է Կանտի փիլիսոփայության մեկնաբանությամբ. նա գրում է մի գործ, ուր պնդում է, որ Կանտը արել է հանճարել բաներ, բայց նրան ճիշտ չեն հասկացել, և ինքը՝ Ֆիխտեն, պետք է բացատրի՝ ինչպես է պետք հասկանալ Կանտին: Ֆիխտեն առաջարկում է ընդհանրապես չխոսել ինքնին իրի մասին, այլ ենթադրել, որ մեր ես-ը՝ սուբյեկտը, իր գործունեության ընթացքում ձևավորում է իր համար աշխարհ: ֆիխտեի համար աշխարհը շարժվող աշխարհ է, որովհետև աշխարհը գործունեության արդյունք է, իսկ գործունեությունը ես-ի գործունեությունն է:
Կատակում էին, թե ինչպե՞ս, պարոն Ֆիխտեն ասում է, որ աշխարհի երեսին ոչինչ չկա, բացի իր ես-ից, ինչպե՞ս է դա հանդուրժում տիկին Ֆիխտեն: Իհարկե Տիկին Ֆիխտեն խնդիր չուներ, որովհետև խոսքը ոչ թե պարոն Ֆիխտեի ես-ի մասին էր, այլ համաշխարհային ես-ի, ամբողջ մարդկության ես-ի մասին էր:
Ֆրիդրիխ Վիլհելմ Շելլինգը (1775-1854թթ.) մտցնում է նույնության փիլիսոփայությունը, որովհետև ասում է, որ փաստորեն բնությունն ինքնին ոչ այլ բան չէ, քան բանականության անգիտակից կյանքի արտահայտություն:
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը (1770-1831թթ.) զարգացնում է նույնության գաղափարը՝ խոսելով բացարձակ էյդոսի, բացարձակ իդեայի մասին, որտեղ այդ բացարձակ իդեան ոչ թե միտք է, այլ ընդհանրապես աշխարհի հատկությունն է:
Հեգելը հայտարարում է, որ Ֆենոմենոլոգիան գիտություն է գիտակցության փորձի մասին:Այսինքն մեր գիտակցությունը, ճանաչելով աշխարհը, ինչ-որ փորձ է ձեռք բերում: Հիմա մենք ուզում ենք նկարագրել, թե մեր գիտակցությունը ինչ փորձ է ձեռք բերել, այսինքն մենք հետևում ենք մեր գիտակցության ֆենոմեններին (բներևույթ), շարադրում ենք մեր գիտակցության շարժը և ասում՝ սա մեր գիտակցության փորձն է: Փորձ ասելով՝ մենք նկատի ունենք զուտ ինտելեկտուալ պրոցեսը:
Հեգելն ասում է, որ ինքնագիտակցությունը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ ճանաչվում է մեկ այլ գիտակցության կողմից, այսինքն դուք դեռևս գիտակցություն չեք, եթե ձեզ որևէ մեկը չի ճանաչել որպես գիտակցություն: Սա նշանակում է, որ ինքնագիտակցության գալու համար պետք է երկու գիտակցության: Մեկը մյուսին պետք է ճանաչեն, իսկ ճանաչումը տեղի է ունենում պայքարի միջոցով: Ահա այս պայքարի մեջ ինչ-որ մեկը պետք է ընկրկի, և երբ այդ մեկը ընկրկում է, մյուսը հաղթում է: Տեղի է ունենում ինքնագիտակցության ձևավորում, գոյանում է զույգ՝ տեր և ճորտ: Ճորտին տերը կարող է աշխատեցնել: Տեղի է ունենում պարադոքսալ երևույթ: Տերը պարտադրում է ճորտին աշխատել, իսկ ճորտը աշխատանքի ժամանակ ստիպված է ենթարկվել որոշակի կարգուկանոնի՝ դիսցիպլինի, իսկ աշխատանք կատարել, ասում է Հեգելը, նշանակում է ձևավորել ինչ-որ առարկա, բայց չես կարող ձևավորել ինչ-որ առարկա, եթե դու հաշվի չես առնում արտաքին աշխարհի օրինաչափությունները: Եվ ահա, երբ դու արտաքին աշխարհի օրինաչափությունները ձևավորելով հանդերձ՝ ստեղծում ես այդ առարկան, դու ձևավորում ես նաև ինքդ քեզ, որովհետև դու արտաքին աշխարհի բովանդակությունը ներգրավում ես քո մեջ: Եվ ահա պարադոքսը, ճորտը բարձրանում է և կանգնում տիրոջը հավասար: